Ամնեսթի Ինթըրնեշընլ միջազգային իրավապաշտպան կազմակերպության անկախ զեկույցը կոչ է արել հետաքննել Ռուսաստանի և Վրաստանի միջև օգոստոս ամսին ծագած պատերազմում ներգրավված բոլոր կողմերի գործողությունները: Կազմակերպության տվյալների համաձայն` մարդու իրավունքների լուրջ խախտումներ են տեղի ունեցել:
Ամնեսթի Ինթըրնեշընլ կազմակերպության վերջին զեկույցը նշում է, որ բոլոր կողմերն էլ, հնարավոր է, խախտել են մարդու իրավունքները, և հետևաբար կոչ է անում հետաքննել վրացական և ռուսական զորքերի, ինչպես նաև Հարավային Օսիայում գործող պարտիզանական ուժերի գործողությունները` օգոստոս ամսվա հակամարտության ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունները հայտնաբերելու նպատակով:
Կազմակերպության նարկայացուցիչ Ջոն Դալհյուսենի խոսքերով մարդու իրավունքների խախտումների հստակ ապացույցներ գոյություն ունեն. “Տարածաշրջան կատարած մեր այցելությունների և անցկացված հարցազրույցների ժամանակ առաջ եկած մտահոգությունները մեծամասամբ վերաբերում են Ցխինվալիի ներխուժման ժամանակ վրացական զորքերի և այնուհետև ռուսական զորքերի ի պատասխան կատարած անխտիր հարձակումներին: Կազմակերպության համար մեծ մտահոգության առարկա են նաև հակամարտության արդյունքում հարավ-օսական ուժերի և պարտիզանական խմբերի կողմից քաղաքացիական սեփականության կողոպուտի, ավարառության և ավերածության դեպքերը”, նշել է նա:
Պատերազմը բռնկվեց երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատերազմական գործողություններ սկսեց Հարավային Օսիայի ինքնահռչակ պետության տարածքում անջատողական ուժերի դեմ` այնտեղ Վրաստանի հսկողությունը հաստատելու նկատառումով: Ռուսաստանը մեծաքանակ զորքով պատասխանեց` առաջ շարժվելով Վրաստանի տարածքում:
Դալհյուսենն ասում է, որ խորը հետաքննություն է անհրաժեշտ: Տարբերակներից մեկը, որին կազմակերպությունը չափազանց կողմ է, Ժնևի կոնվենցիայի ներքո միջազգային մարդասիրիական փաստահավաք հանձնաժողովի ստեղծումն է: Ընդ որում, Վրաստանը և Ռուսաստանը պետք է հետաքննության ենթարկվելու համաձայնություն տան:
Այդ տեսակետը կիսում է նաև Հյուման Ռայթս Ուոթչ կազմակերպությունը, որի տվյալներով հակամարտության ժամանակ վրացական և ռուսական զորքերը հրետանային ռումբեր են կիրառել: Թբիլիսիում կազմակերպության ներկայացուցիչ Գիորգի Գոգիայի խոսքերով, հրետանային ռումբերի վտանգն այն է, որ չպայթած ռումբերը փաստացի ականներ են և կարող են ցանկացած պահի պայթել: “Մենք երկու կողմերին էլ հորդորել ենք համապատսխան տվյալներ տրամադրել ականազերծումով զբաղվող կազմակերպություններին` խնդրո առարկա տարածքներ վերադարձած քաղաքացիների իրազեկության բարձրացման և կրթական նպատակներով: Երկու կողմերին էլ նաև կոչ ենք արել ստորագրել Հրետանային ռումբերի դեմ պայմանագիրը, որը ստորագրման համար բաց կլինի դեկտեմբեր ամսից”:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայից Կովկասի հարցերով փորձագետ Սերգեյ Արությունովն ասել է, որ Հարավային Օսիայի իրավախախտումները պետք է բացահայտվեն: Միևնույն ժամանակ Հարավային Օսիայի զինված ուժերին անհրաժեշտ է վերապատրաստված ոստիկանական ուժերի աջակցությունը:
Նա նշել է, որ զինուժը պատրաստ չէ ոստիկանական աշխատանք կատարել, կարգ ու կանոն ապահովել: Նույնիսկ ամենակարճատև ռազմական գործողություններից հետո ավարառության դեպքերը և քրեական հանցագործություններն ակնկալվող երևույթներ են, միշտ էլ որոշակի քաոս է տիրում, որը պետք է արմատախիլ անել:
Չնայած որ պատերազմական գործողություններն ավարտվել են` իրավապաշտպան խմբերը տեղեկացնում են, որ ներկայում շուրջ քսան հազար էթնիկ վրացիներ տեղահանված են և մոտակա ապագայում չեն կարող վերադառնալ Հարավային Օսիայում գտնվող իրենց տները: