Մատչելի հղումներ

Ամնեսթի Ինթերնեշընըլ կազմակերպության ամենամյա զեկույցը. անդրադարձներ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակին


Այսօր Ամնեսթի Ինթերնեշընըլ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: 2008թ. զեկույցում մասնավորապես նշվում է, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից շուրջ վաթսուն տարի անց մարդիկ խոշտանգումների են ենթարկվում առնվազն 81 պետություններում, անարդար դատավարության առարկա են դառնում առնվազն 54 պետություններում, իսկ ամենաքիչը 77 պետություններում սահմանափակվում է նրանց խոսքի ազատությունը:

“Անարդարությունը, անհավասարությունը և անպատժելիությունը դարձել են մեր առօրեայի անբաժան մասը: Պետությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն իրենց գործողությունները տրված խոստումներին համապատասխանեցնելու առումով,” ասել է Ամնեսթի Ինթերնեշընըլի Գլխավոր քարտուղար Այրին Խանը:

150 պետություններում մարդու իրավունքների իրավիճակն ամփոփող զեկույցը կոչ է անում պետությունների ղեկավարներին ներողություն հայցել շուրջ վեց տասնամյակ շարունակվող մարդու իրավունքների սահմանափակումների համար և նորից հանձն առնել հստակ բարոփոխումներ իրականացնել:

Հայաստանին վերաբերող գլխում զեկույցն անդրադառնում է չորս հիմնական խնդրահարույց բնագավառների` խոսքի և հավաքների ազատության սահմանափակումներ, անպատժելիություն, խղճի հիման վրա ազատազրկումներ և մահացության դեպք կալանավայրում:

Զեկույցը նշում է, որ հավաքների ազատության սահմանափակումների բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Մասնավորապես հիշատակվում են, որ խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ընթացքում վարչական խոչընդոտներ են եղել արտոնագրված հանրահավաքների անցկացման համար, և որ մայիս և հոկտեմբեր ամիսներին ոստիկանությունը ուժ է կիրառել ընդդիմության խաղաղ հանրահավաքները ցրելու համար:

Խոսքի ազատության սահմանափակումների թվում նշվում են խմբագիրներ Նիկոլ Փաշինյանի և Շողեր Մաթևոսյանի ձերբակալումները հոկտեմբեր ամսին ընդդիմադիր Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած երթին մասնակցելուց հետո, Չորրորդ իշխանություն թերթի խմբագրության մերձակայքում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունը, ինչպես նաև Գյումրիի “Գալա” հեռուստաընկերության նկատմամբ ձեռնարկած ճնշումները Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական գործունեությունը լուսաբանելու համար:

Զեկույցում նաև տեղ է գտել Լևոն Ղուլյանի մահվան աղմկահարույց դեպքը: Նշվում է, որ սպանության դեպքի կապակցությամբ Ներքին գործերի նախարարությունում երկու օր որպես վկա հարցաքննվելուց հետո, պաշտոնական տվյալների համաձայն, նա մահացել է փախուստի կամ ինքնասպանության նպատակով լուսամուտից նետվելու արդյունքում: Լևոն Ղուլյանի բարեկամները հերքել են այդ վարկածը` նշելով, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր են նկատել, երբ նա հարցաքննությունների ընդմիջումներին վերադարձել է տուն: Զեկույցը նշում է, որ գլխավոր դատախազության հետաքննությունը հաստատել է պաշտոնական վարկածը, իսկ միջազգային փորձագետների հետաքննությունը հստակ արդյունքներ չի տվել:

Ամնեսթի Ինթերնեշընըլի զեյույցում նաև նշվում է, որ Եհովայի վկաների ներկայացուցիչներ Ռուբեն Խաչատրյանի և Նարինե Գևորգյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունները համապատասխան և ժամանակին հետաքննության չեն ենթարկվել ոստիկանության կողմից:

Նաև հիշատակվում է, որ Հայաստանի իշխանությունները դեռևս չեն ապահովել պարտադիր զինվորական ծառայությանը համապատասխան այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, ինչը երկրի` Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորոթյուններից է: Այսպիսով շարունակվել են համոզմունքների հիման վրա զինծառայությունից հրաժարվողների ազատազրկման դեպքերը, որոնք բոլորն էլ առնչվում են Եհովայի վկաներին: Սեպտեմբեր ամսի դրությամբ, Եհովայի վկաների ազատազրկման 82 դեպք է արձանագրվել, ինչն ինքնին աննախադեպ է և պայմանավորված է մեղադրանքի առաջադրման հեշտացված ընթացակարգով և ներում շնորհելու պատրաստակամության բացակայությամբ:

Այսպիսով, Հայաստանը նույնպես պատկանում է այն բազմաթիվ երկրների շարքին, որտեղ շարունակվում են մարդու իրավունքների սահմանափակումները և որտեղ լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն կա ինչպես իրավունքների երաշխավորման համապատասխան մեխանիզմների ապահովման, այնպես էլ այդ իրավունքները ոտնահարողներին պատասխանատվության ենթարկելու առումով:
XS
SM
MD
LG