Մատչելի հղումներ

Շվեդական էկո-մոդելն ամերիկյան ընտանիքներում


Մի քանի տարի առաջ Շվեդիայի Կալմար քաղաքում տասներկու ընտանիք պարտավորվեցին նվազեցնել շրջակա միջավայրի վրա իրենց ազդեցությունը: Նրանց հաջողվեց մեկ երրորդով կրճատել ածխածնի արտանետումը: Այժմ շվեդական կառավարությունը ծրագրում է այսպիսի նախաձեռնության մեջ ներգրավել սովորական ամերիկացուն, ով աշխարհում ամենաշատ էներգիա սպառողներից է:

Վիրջինիա նահանգի Ֆոլս Չըրչ քաղաքում Նոլան և Քեթի Սթոքերի կյանքը փոխվեց շվեդական փորձնական ծրագրի շնորհիվ:

"Մենք տեղադրում ենք երկփեղկ պատուհաններ: Ամենամեծ նախագիծը հորատող մեքենայի միջոցով 18 կմ խորությամբ հոր փորելն է, որտեղ ստորգետնյա ջերմությունը կլանող պոմպ ենք տեղադրելու",- պատմում են Սթոքերը:

Հաշվի առնելով դաշնային կառավարության հարկային արտոնությունները և էլեկտրաէներգիայի ծախսի խնայողությունները` Նոլանը կարծում է, որ 30 հազար դոլար ներդրումն արդարացված է:

Վաշինգտոնում Շվեդիայի դեսպանության Բնապահպանական հարցերով առաջին քարտուղարի խոսքերով` ծրագրի նպատակը անհատական քայլերի շնորհիվ ընդհանուր միջավայրում փոփոխություն առաջացնելն է:

40 տարի առաջ Շվեդիան, ինչպես այսօր ԱՄՆ-ը, մեծապես կախված էր ներմուծվող նավթից, ածխից և բնական գազից:

1973թ. նավթի էմբարգոյից և վառելիքի գների կտրուկ աճից հետո Շվեդիան ներկայացրեց վերականգնողական և ատոմային էներգիային անցնելու քաղաքականություն: Այսօր յուրաքանչյուր շվեդ տարեկան միջինում 7.4 տոնա ածխածին է արտանետում, միչդեռ միջին ամերիկացին` 23.4:

Շվեդական ծրագիրը խթանում է էներգառեսուրսների օգտագործման, սննդի սպառման, ժամանցի և փոխադրամիջոցների խելամիտ օգտագործումը. փոփոխություններ, որոնց շուրջ ամերիկացիները չէին մտորել:

"Շվեդերից ստացած նոր գիտելիքի շնորհիվ կարողանում ենք քննադատորեն վերաբերվել մեր առօրյային",-ասում է Նոլանը:

Սթոքերն սկեցին հետևել օգտագործված էներգիայի և ջրի քանակին, ջերմամեկուսացման համակարգին և կրճատեցին մսի սպառումը:

"Չեմ կարծում, թե զոհողությունների ենք գնում: Շատերն այդպես կվարվեին, եթե տեղյակ լինեին ածխածնի արտանետումները կրճատելու դյուրին տարբերակների մասին: Պարզապես անհրաժեշտ է իրազեկել այս մասին: Մենք պատրաստ ենք այդ դերը ստանձնել",-ասում է Քեթին:

Քեթին և Նոլան իրենց երեխաներին սովորեցնում են խնայել էլեկտրաէներգիան և կրճատել տաք ջրի ու պարարտացված սննդի օգտագործումը:

Ամուսինները կողմ են ածխածնի արտանետումների դեմ պայքարող օրինագծին: Սակայն համոզված են, որ առանց նոր օրինագծի էլ յուրաքանչյուր ամերիկացի կարող է իր դերը խաղալ: Նրանք հուսով են, որ այս ծրագիրը նոր առօրյայի սկիզբ կհանդիսանա:

XS
SM
MD
LG