Կիրակի օրը Մեխիկոյում մեկնարկեց ՁԻԱՀ-ին նվիրված տասնյոթերորդ միջազգային գիտաժողովը, որը կշարունակվի մինչև ուրբաթ օրը: Պետական պաշտոնյաների, մասնավոր շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչների և գիտնականների հետ մեկտեղ գիտաժողովին են մասնակցում ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված բազմաթիվ անդամներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովի շեշտադրումը հիմնականում ՁԻԱՀ-ի պատճառ հանդիսացող ՄԻԱՎ-ի բուժման տարբերակների և կանխարգելման վրա է:
Գիտաժողովին ներկա են ՁԻԱՀ-ին նվիրված ազգային հիմնադրամներ, ՄԻԱՎ-ով վարակված անձանց հարազատները և նրանց հետ աշխատող տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև վարակի տարածումը կանխարգելող ծրագրերի ջատագովներ:
Ամենաակտիվ խմբերի շարքին է պատկանում տարբեր երկրներ ներկայացնող մարմնավաճառների և մարմնավաճառների միությունների կոալիցիան: Նրանք պայքարում են ապահով սեռական հարաբերությունների, պահպանակների օգտագործման և նրանց գործունեության ապաքրեականացման համար` որպես վարակի կանխարգելման միջոցներ:
Ռեյչելը մարմնավաճառ է Ավստրալիայից, որտեղ մարմնավաճառությունն օրինական է և կարգավորվում է հարկային և այլ համապատասխան օրենքներով: Նա ասում է, որ մարմնավաճառներին պետական առողջապահական ծրագրերում ներգրավելն ավելի լավ է, քան նրանց պիտակելը որպես հիվանդության պոտենցիալ կրողներ: "Մարմնավաճառները խնդրի լուծման մի մասն են, այլ ոչ`ինքին խնդիրը: Եթե ՁԻԱՀ-ի դեմ լրջորեն պայքարելու նպատակ են հետապնդում և ցանկանում են բարձրացնել իրազեկության մակարդակը և խթանել ապահով սեռական հարաբերություններ, ապա մարմնավաճառները պետք է ներգրավված լինեն բոլոր մակարդակներում:"
Ռեյչելն ասում է, որ այն երկրները, որտեղ
մարմնավաճառությունը` կամ ինչպես ինքն է անվանում սեռական աշխատանքը,
օրինականացված է, առավել բարենպաստ առողջապահական պայմաններ են ստեղծված: Այդ երկրներն առավել բարենպաստ լծակներ ունեն
ՁԻԱՀ-ի վարակի և սեռական ճանապարհով տարածվող այլ հիվանդությունների տարածումը
հսկելու համար:
ՁԻԱՀ-ի տարածումը կանխարգելելու կարևորագույն
միջոց է պահպանակը: Կանադական մի կազմակերպություն պահպանակների օգտագործումը
խթանում է Երեք ընկերներ մուլտֆիլմի միջոցով, որի գլխավոր հերոսները երեք
պահպանակներ են: Մուլտֆիլմը, որը մատչելի է մոտ քառասուն լեզուներով, ադապտացված է
թիրախային հանդիսատեսի մշակութային արժեքներին:
Կազմակերպությունը ներկայացնող Քեյթլին Դելանին ասում է, որ Մեխիկոյի գիտաժողովը նրանց հնարավորություն է ընձեռել համագործակցել կանխարգելման նպատակներ հետապնդող այլ խմբերի հետ: "Այս գիտաժողովը թույլ է տալիս այպիսի ծանոթություններ ձեռք բերել, որոնք այլապես հնարավոր չէին լինի: Այստեղ մենք մեր աշխատանքը կարող են ներկայացնել գիտնականների և հետազոտողների, ինչպես նաև ծանոթանալ նրանց աշխատանքին:"
Դելանին ասում է, որ որոշ մշակույթներ առավել
հեշտ են ընդունում այս խնդրին հումորով մոտեցումը: Սակայն բազմաթիվ պահպանողական
խմբեր խստորեն քննադատում են այս մոտեցումը, քանի որ նրանց կարծիքով պահպանակների
օգտագործման խթանումը իր հերթին խթանում է անբռնազբոսիկ սեռական վարքագիծ: Սակայն
Դելանին ասում է, որ ՁԻԱՀ-ի ներկա տարածումը կանխարգելման անհապաղ ջանքեր է պարտադրում:
"Մինչև հիվանդության բուժում գտնելը միակ լուծումը կանխարգելումն է: Բացի այդ, շատ
կարևոր է, որ արդեն իսկ վարակված անձինք կանխարգելման միջոցներ կիրառեն, որոնցից
ամենահուսալին պահպանակն է:"
Գիտաժողովին մասնակցող առողջապահության բնագավառի մասնագետները համամիտ են, որ
պահպանակների օգտագործումը կանխարգելման արդյունավետ միջոց է:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պահպանակները 90 տոկոսով կարող են
կանխել ՄԻԱՎ-ի փոխանցումը:
Շահույթ չհետապնդող Population Services International կազմակերպության Լատինական Ամերիկայի և Աֆրիակայի առողջապահական ծրագրերի պատասխանատու Խոսե Յադոս Կոմենխեն նշել է, որ ոչ մեկ չպետք է ենթադրի, որ պահպանակը հարյուր տոկոսանոց պաշտպանություն է ապահովում: "Պահպանակը կարող է պատռվել, կամ մարդիկ կարող են այն սխալ օգտագործել, սակայն եթե այն պատշաճ կերպով ես օգտագործում և օգտագործում ես այն յուրաքանչյուր անգամ, ապա պաշտպանված ես ՁԻԱՀ-ի և սեռական ճանապարհով տարածվող այլ հիվանդություններից:"
Յադոս Կոմենխեն նշել է, որ զարգացող երկրներում հանդիպող ամենամեծ խնդիրն այն է, որ պահպանակների օգտագործումը հետևողական չէ: Նա ասում է, որ եթե նույնիսկ մարմնաճառը պնդում է, որ հաճախորդները պահպանակ օգտագործեն, հնարավոր է նա այդպես չվարվի իր ընկերոջ կամ ամուսնու հետ:
Գիտաժողովի մասնակիցները նշել են, որ շուրջ մեկ շաբաթ տևող այս քննարկումները փոխադարձ խրախուսանքի աղբյուր են և հնարավորություն են ընձեռում տեղեկատվություն փոխանակել և համատեղ լուծումներ մշակել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար: