Մայրաքաղաք Վաշինգտոնում լրատվության և ժամանցի ոլորտի աֆրոամերիկյան գործիչները գումար են հանգանակում Հայիթիի համար: Այս նպատակով ռադիոկայաններն ունկնդիրներին խնդրում են գումարներ նվիրաբերել, իսկ ճանաչված երաժշտական ակումբները հայտնի երգիչների են հրավիրում:
Վաշինգտոնի 9:30 ակումբում կազմակերպված միջոցառման գումարներն ուղղվելու են Հայիթիի օգնությանը: Հիփհոփ արտիստ Սլիմի խոսքերով`շատ աֆրոամերիկացիներ գիտեն, թե ինչ ցավ են զգում հայիթցիները:
"Տնտեսական, սոցիալական և դասակարգային խնդիրներին ավելացավ այս աղետը: Մենք այնքան լավ ենք հասկանում նրանց",- ասում է նա:
Տոմսերի վաճառքից գոյացած գումարը տրվելու է երկու կազմակերպության. Հայիթիում հիվանդանոց ունեցող շահույթ չհետապնդող "Առողջապահության գործընկերներ"-ին և հայիթցի-ամերիկացի հիփ-հոփ արտիստ Ուայսլեֆ Ջինի ստեղծած բարեգործական հիմնադրամին: Վերջինս քննադատվում է, որ դեռ որևէ գումար չի տրամադել երկրաշարժից տուժածներին, մինչդեռ մեկ շաբաթում հավաքագրել է 2 միլիոն դոլար:
9:30 ակումբից Օդրի Շաֆերն ասում է, որ ակումբի աշխատակիցները նվիրաբերում են նույնիսկ իրենց աշխատավարձը:
Երեկույթին ներկա ուսանող Էրիկա Սմիթն ասաց.
"Աֆրոամերիկյան համայնքի մասնակցությունը հսկայական է: Մենք բոլորս ցանկանում ենք օգնել Հայիթիի մեր քույրերին և եղբայրներին, ցանկանում ենք գոտեպնդել և ոգեշնչել նրանց":
Այստեղ էր նաև Շոն Փիթերսընը, ով ցավով է հիշում Կատրինա փոթորկից հետո Նյու Օրլեանում աֆրոամերիկացիների դրությունը պատկերող նկարները: Ըստ նրա` ներկայիս կառավարությունն արագ է արձագանքում խուսափելու համար 2005թ. Կատրինայի ընթացքում նախկին կառավարության թույլ տված սխալներից:
"Նրանք չեն ցանկանում մնալ նույն ամոթով ինչ Կատրինա փոթորիկի ժամանակ էր: Հիմնականն այստեղ ամոթից խուսափելն է",-համոզված է նա:
Հեռախոսով նման տեսակետներ հնչեցրին նաև WKYS ռադիոկայանի ունկնդիրները: Հայիթիին հումանիտար օգնություն տրամադրելու կոչով լսարանին դիմեց նաև հաղորդավար Իզի Սթրիթը:
"Ընդհանուր առմամբ, կարծում եմ, ԱՄՆ կառավարությունը շատ արագ է արձագանքում, որպեսզի խուսափի Կատրինայի իրավիճակից և այն տպավորությունից, որ սևամորթները կարևոր չեն: Կարծում եմ` Բարաք Օբամայի արագ արձագանքը պայմանավորված էր նաև իր` սևամորթ լինելով",-ասաց ունկնդիրներից մեկը:
Իզի Սթրիթր կարծիքով, տրամադրելով սնունդ եւ հագուստ` երկրպագուներն ուզում են իրենց բաժինն ունենալ իրավիճակի հաղթահարման գործում: