Մատչելի հղումներ

Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման պատմական դասերը


Քսան տարի է անցել Աֆղանստանում Խորհրդային Միության աղետալի ռազմական գործողությունների ավարտից հետո: Պատերազմի մասնակիցներից շատերի վրա այն այնպիսի ազդեցություն է թողել, որ նրանք նույնիսկ հրաժարվում են այդ մասին խոսել: Սակայն մասնակիցներից ոմանք իրենց փորձի հիման վրա այնպիսի հետևություններ են անում, որոնք կիրառելի են 2001թ. ի վեր Աֆղանստանում ապստամբ ուժերի դեմ պայքարող ՆԱՏՕ-ի ուժերի համար:

1989թ. փետրվարի 15-ին գեներալ հրամանատար Բորիս Գրոմովը վերջին խորհրդային զինվորականն էր, ով լքեց Աֆղանստանը` անցնելով Բարեկամության կամրջով, որը Աֆղանստանը կապում էր Խորհրդային Ուզբեկստանի հետ: 1979թ. դեկտեմբերին սկսված պատերազմում մոտ 15 հազար զինվոր, խորհրդական և Խորհրդային Միությունը ներկայացնող այլ պաշտոնյաներ են զոհվել: Այժմ գեներալ Գրոմովը համոզված է, որ Աֆղանստանի քաղաքական խնդիրների ռազմական լուծումներ չեն կարող լինել:

Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նա ասել է, որ Աֆղանստանում ուժով ոչնչի չես հասնի, և որ զորամիավորումների ավելացումը կամ նվազեցումը միայն բացասական հետևանքներ կունենա: Նա նշել է, որ Աֆղանստանի դեպքում ամենաճիշտ տարբերակը աֆղանների հետ համաձայնության գալն է:

Նա մասնավորեցրել է, որ խորհրդային ուժերի առաքելությունը Աֆղանստանում հաղթանակ տանելը չի եղել: Նրանց նպատակն էր օգնել Աֆղանստանի` Խորհրդային Միությանը համախոհ ղեկավարներին պայքարել թմրանյութերի առևտրի դեմ և պաշտպանել երկրի խողովակաշարերը, ճանապարհները և քաղաքներն ահաբեկչական գործողություններից:Սակայն ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը չեն ընդունում այդ բացատրությունը` համարելով, որ Աֆղանստանի ներխուժումը Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանն ուղղված ագրեսիվ փորձ էր: Մի շարք անկախ վերլուծաբաններ նշում են, որ Աֆղանստանի թմրանյութերի առևտուրը Խորհրդային Միության վրա որևէ ազդեցություն չուներ, և որ 1979թ. երկիրը որևէ խողովակաշար չուներ, որը պաշտպանության կարիք ունենար:

Խորհրդային Միության դեմ պայքարող ապստամբ ուժերը, որոնք հայտնի են որպես մուջահիդիններ, որոշ ռազմական աջակցություն էին ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Զավեշտական է այն, որ ապստամբների մի մասը, հետագայում անցնելով Թալիբանի շարքերը, այժմ պայքարում են ԱՄՆ-ի ուժերի դեմ: Այս մասին խոսել է նաև գեներալ Գրոմովը` հատկապես հիշատակելով հրթիռներ արձակող ուսի վրա հարմարեցվող շարժական Stinger սարքի Խորհրդային օդուժին հասցրած վնասները:

Ռազմական հարցերով անկախ ռուս վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերը նշել է, որ, ի տարբերություն մուջահիդիններին, որոնց աջակցում էին Չինաստանը, Սաուդյան Արաբիան և առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թալիբանը որևէ արտասահմանյան կառավարությունից աջակցություն չի ստանում: Միակ աջակցությունը գալիս է Պակիստանի ոչ պետական տարրերից և Ալ Քաիդայից: Այդ իսկ պատճառով, նա կարծում է, որ ՆԱՏՕ-ն, հնարավոր է, կարողանա համաձայանության գալ թշնամու հետ:

Նրա կարծիքով, այժմ, սակայն, մեծ խոչընդոտ է Աֆղանստանում թմրանյութերի առևտրի տարածումը, ինչը և ֆինանսավորում է Թալիբանի գործողությունները: Այս պայմաններում ՆԱՏՕ-ի ուժերն ստիպված են պայքարել ափիոն մշակող ֆերմերների դեմ, ինչը նպաստում է բնակչության շրջանում դիմադրության մեծացման:

Դմիտրի Պոպովը Աֆղանստանի պատերազմի վերջին երկու տարիների մասնակից է եղել և այժմ գլխավորում է Աֆղանստանի պատերազմի վետերանների Մոսկվայի խումբը: Նրա կարծիքով, չնայած գերազանց զինամթերքի առկայությանը և զորամիավորների պատրաստվածությանը, Խորհրդային Միության ուժերին չի հաջողվել հոգեբանական առումով խեղճացնել աֆղաններին: Վերջիններիս նպատակը, Պոպովի կարծիքով, ամեն գնով իրենց ազատությունն ու կենսակերպը պաշտպանելն էր:

Դմիտրի Պոպովը և գեներալ Գրոմովը թերահավատորեն են վերաբերվում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հաջողությանը: Վերջինիս կարծիքով, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և այլ պետություններ պետք է համագործակցեն` Աֆղանստանում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնելու նկատառումով: Այս առնչությամբ նա կարևորել է Աֆղանստանի հետ կոալիցիոն ուժերի պետությունների բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, ինչը թույլ կտա վերջ դնել ռազմական գործողություններին և պետությանը զարգանալու հնարավորություն տալ:

Սակայն, ինչպես Պավել Ֆելգենհաուերն է կարծում, Ռուսաստանը կհամաձայնի այս հարցում աջակցել ԱՄՆ-ին միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը հետ-խորհրդային տարածաշրջանը ճանաչի որպես Ռուսաստանի ազդեցության գոտի:

Փետրվարի 7-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը Մյունխենի Անվտանգության համաժողովին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչի Ռուսաստանի ազդեցության որևէ գոտի: Միևնույն ժամանակ նա հիշատակել է, որ Ռուսաստանն անցյալում նշել է Թալիբանից և Ալ Քաիդայից եկող հնարավոր սպառնալիքների մասին: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը պետք է համագործակցեն այս ընդհանուր թշնամուն պարտության մատնելու համար:

Իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասում է, որ ԱՄՆ-ը պետք է ձգտի Աֆղանստանում կայունություն հաստատել: Նա պատրաստվում է ավելացնել Աֆղանստանում զորամիավորների թիվը և նախաձեռնել է ռազմավարության վերանայում, որպեսզի ԱՄՆ-ի նպատակները հստակ և իրականանալի լինեն: Այդ նպատակների թվում է համապարփակ քաղաքականության մշակումը, որը բացառապես ռազմական գործողություններով չի սահմանակվի:

XS
SM
MD
LG