Մատչելի հղումներ

 
Անշարժ գույքի նոր մոտեցում որդեգրած մի շարք գործակալներ խթանում են շրջակա միջավայրի համար բարենպաստ տների վաճառքը

Անշարժ գույքի նոր մոտեցում որդեգրած մի շարք գործակալներ խթանում են շրջակա միջավայրի համար բարենպաստ տների վաճառքը


Անշարժ գույքի բնագավառի մասնագետների կարծիքով` վերջին տարիներին էներգառեսուրսների գների կտրուկ աճի արդյունքում առաջացած շրջակա միջավայրի համար բարենպաստ տներ գնելու միտումը ներկայումս շարունակվում է տնտեսական ճգնաժամի պայմաններում: Շինարարները փորձում են էներգառեսուրսների առումով առավել արդյունավետ տներ կառուցել, իսկ որոշ գործակալների հաջողվում է գտնել շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված հաճախորդներ:

Անշարժ գույքի գործակալ է Մայքլ Քայֆերն հաճախորդներին ցույց է տալիս տան` շրջակա միջավայրին նպաստող տարրերը: Նա բացատրում է, որ խոհանոցի բոլոր սարքերը համապատասխանում են ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության և Էներգետիկայի նախարարության` արդյունավետության չափանիշներին, ինչը ենթադրում է ցածր կոմունալ ծախսեր և շրջակա միջավայրի պաշտպանություն:

Մայրաքաղաք Վաշինգտոնում գործող Քայֆերն այն գործակալների թվին է պատկանում, ովքեր այսպես կոչված էկո-տների մասնագետի որակավորում են ստացել:

Ըստ նրա` հաճախորդների մեծ մասին հետաքրքրում են էներգետիկ արդյունավետության, առողջության համար բարենպաստ դիզայնի վերաբերյալ հարցեր:

Քայֆերն իր որակավորումն ստացել է ԷկոԲրոկեր ինթըրնեշնըլ ընկերությունից, որը 5,000-ից ավելի անշարժ գույքի գործակալներ է վերապատրաստել:

1.2 միլիոն անդամ ունեցող Անշարժ գույքի գործակալների ազգային ընկերակցությունը նույնպես շրջակա միջավայրի համար բարենպաստ ծրագիր է մեկնարկել, որը մեծ արձագանք է ստացել:

Ընկերակցության խոսնակ Էնդի Նորթոնն ասում է, որ դասընթացների մեծ պահանջարկ կա ամբողջ երկրում: Ըստ հաշվարկների` այս տարվա վերջին արդեն 4,000 անշարժ գույքի գործակալ կավարտի դասընթացը, ինչն ավելին է, քան ակնկալվում էր:

Չնայած ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում անշարժ գույքի գնի կտրուկ անկմանը`շրջակա միջավայրի համար բարենպաստ տներն ավելի թանկ արժեն:

Սակայն հնարավոր գնորդներին` օրինակ Քիմ Քորբեթ-Նայթին, լրացուցիչ ծախսերը հետ չեն կանգնեցնում:

“Ես կնախընտրեմ ավել վճարել` առաջին հերթին համոզվելու, որ շրջակա միջավայրին վնաս չեմ տալիս և խնայում եմ էներգառեսուրսները: Միանշանակ լրացուցիչ կվճարեմ”, վստահեցնում է նա:

Համապատասխան որակավորում ստացած գործակալները նաև էկո-վերանորոգումներ են առաջրկում հաճախորդներին:

Սեթ Գարլենդը 2007թ. Մայքլ Քայֆերի միջոցով հարյուրամյա տուն է գնել Վաշինգտոնում: Նա բոլոր սարքավորումները, պատուհանները, զուգարանները և ջերմամեկուսացման համակարգերը փոխել է էներգետիկ տեսանկյունից առավել արդյունավետ տարբերակներով: Քայֆերի մասնագիտական ուղղորդումը մեծ դեր է խաղացել:

“Մեր հարևանությամբ նմանատիպ տների համեմատությամբ` ձմռան ամենացուրտ ամիսներին կոմունալ ծախսերի մեկ երրորդն ենք վճարում: Մարդիկ 500 դոլար էին վճարում, իսկ մեր վճարումները 150 դոլարը չէին գերազանցում: Նման խնայողության դեպքում, շատ շուտով կվերականգնի վերանորոգման բոլոր ծախսերը”, ասում է Գարլենդը:

Անշարժ գույքի գործակալների կարծիքով` ճգնաժամի պայմաններում մարդիկ գիտակցել են կոմունալ ծախսերի կրճատման անհրաժեշտությունը և էներգետիկ առումով առավել արդյունավետ տների առավելությունը, ինչը նշանակում է, որ էկո-գործակալների պահանջարկը կշարունակի աճել:

XS
SM
MD
LG