Մատչելի հղումներ

Քաղաքական կոռուպցիայի դեպքերն ԱՄՆ-ի պատմության ընթացքում


ԱՄՆ-ի դատախազությունը կոռուպցիայի մեղադրանք է առաջադրել Իլինոյս նահագնի նահանգապետ Ռոդ Բլագոևիչի դեմ: Այլ կասկածանքների թվում նա նաև մեղադրվում է նորընտիր նախագահ Բարաք Օբամայի` ԱՄՆ-ի Սենատում թափուր մնացած պաշտոնն ամենաբարձր գին առաջարկողին վաճառելու փորձ կատարելու մեջ: Բարաք Օբաման հայտնել է, որ իր աշխատակազմից ոչ ոք անպատշաճ կապ չի ունեցել Ռոդ Բլագոևիչի հետ: Նահանգապետը հերքել է բոլոր մեղադրանքները` ասելով, որ ամեն ինչ կանի իր անմեղությունը հաստատելու համար: Սա ԱՄՆ-ի քաղաքական գործիչների շրջանում կոռուպցիայի մեղադրանքի վերջին դեպք է: Որոշ վերլուծաբանների կարծիքով, սակայն, փողի մեջ լողացող ԱՄՆ-ի քաղաքական համակարգում սա թերևս վերջին դեպքը չի լինի:

Նահանգապետ Բլագոևիչի դեպքն այնքան լայնամասշտաբ էր, որ նույնիսկ ապշեցրել է բազմամյա փորձ ունեցող ԱՄՆ գլխավոր դատախազ Փեթրիք Ֆիջերալդին: Դեպքի մասին խոսելով` նա հետևյալ կերպ է արտահայտվել. “Նրա պահվածքից Լինկոլնն իր գերեզմանում կշրջվեր”:

Բլագոևիչը և նրա աշխատակազմի ղեկավար Ջոն Հարիսը մեղադրվում են առ այն, որ նահանգապետի պահանջները մերժելու և ընտրարշավին չնպաստելու պատճառով տեղական հիվանդանոցին և թերթի խմբագրությանը պետական ֆինանսավորում չտրամադրելու սպառնալիքներ են ներկայացրել:

Հետաքննության ձեռքբերած ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Բլագոևիչը փորձ է կատարել վաճառել Բարաք Օբամայի Սենատի տեղը: Գլխավոր դատախազ Ֆիջերալդը լրագրողների համար մեջբերել է այդ ձայնագրություններից հետևյալ հատվածը. “Ձեռքինս /անհարգի խոսք/ ոսկի է, և ես այն հենց այնպես բաց չեմ թողնելու”:

Հետաքննող խումբը տեղեկացրել է, որ չկան ապացույցներ առ այն, որ Բարաք Օբաման տեղյակ է եղել նահանգապետի` սենատի տեղը վաճառելու փորձերին: Նորընտիր նախագահն ասել է, որ ինքը որևէ շփում չի ունեցել նահանգապետի և նրա աշխատակազմի հետ և տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում:

Սա վերջին ժամանակահատվածում միակ քաղաքական կոռուպցիայի աղմկահարույց դեպքը չէ:

Ալյասկա նահանգից սենատոր Թեդ Սթիվենսը վերջերս մեղավոր է ճանաչվել նավթարդյունաբերական ընկերություններից նվերներ վերցնելու մեջ: Այս տարվա ընտրություններում Սթիվենսի պարտությունը վերջ դրենց նրա քառասունամյա ծառայությանը Սենատում:

Լուիզիանա նահանգից կոնգրեսական Ուիլիամ Ջեֆերսոնը գտնվում է դատավարության փուլում: Նա մեղադրվում է կաշառակերության և պաշտոնը չարաշահելու մեջ: 2006թ. նրա տան խուզարկության ժամանակ դաշնային գործակալները սառնարանում հայտնաբերել էին 90 հազար ԱՄՆ դոլար: Ենթադրվում է, որ այդ գումարը նա կորզել է կաշառակերության միջոցով: Ջեֆերսոնը նույնպես պարտվել է այս տարվա ընտրություններում:Ամերիկյան համալսարանից նախագահների պատմության մասնագետ Ալեն Լիքթմանի կարծիքով, խնդիրը ոչ միայն գումարն է, այլ` քաղաքական գործիչների այն մոտեցումը, որ նրանք վեր են օրենքից և համընդհանուր բարոյականության նորմերից:

Լիքթմանն ասում է, որ ԱՄՆ-ի պատմության մեջ քաղաքական կոռուպցիան խորը հիմքեր ունի: Դեռևս 1860-ական թվականներին` ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո, երբ երկիրը ղեկավարում էր Յուլիսիս Գրանտը, կոռուպցիան այնքան էր տարածված, որ ժամանակաշրջանը ստացել է “առատ խորովածի դարաշրջան” անվանունը: Այսինքն` որոշ քաղաքական գործիչներ ընկած էին սեփական շահի հետևից, մինչդեռ պետությունը նոր էր վերականգնվում հակամարտությունից հետո:

1920-ական թվականներին` Ուորեն Հարդինգի կառավարման տարիներին, Ներքին գործերի նախարար Ալբերտ Ֆոլի դեմ մեղադրանք էր առաջադրվել` դաշնային հսկողության տակ գտնվող նավթի ռեզերվները մատչելի դարձնելու համար:

1970-ականների Ուոթերգեյթի աղմկահարույց դեպքը հանգեցրեց նախագահ Ռիչարդ Նիքսոնի պաշտոնանկությանը:

Ի ցույց դնելով այս պատմական իրադարձությունները` պատմաբան Լիքթմանը ցավով նշում է, որ կոռուպցիայի դեպքեր եղել են ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում: Սակայն, նրա կարծիքով, վերջին ժամանակաշրջանում կոռուպցիայի դեպքերը աննախադեպ շատ են:

Լիքթմանը կարծում է, որ չնայած պատմական ապացույցներին` ամերիկացիները հավատացած են, որ երկիրն էապես բարոյական է, և խիստ զայրացած են կոռուպցիայի վերջին դրսևորումների առնչությամբ: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ ԱՄՆ-ում քաղաքական գործընթացներն ամեն դեպքում այնպիսին են, որ կոռուպցիայի հայտնաբերման դեպքում համապատասխան քայլեր են ձեռնարկվում, և նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներ քրեական պատասխանատվության են ենթարկվում: Սակայն, ըստ նրա, քրեական պատասխանատվության ենթարկվածները կոռուպցիայի ընդհանուր տարածման շատ փոքր մասն են կազմում:

Նորընտիր նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական արշավում հանձն էր առել պայքարել կոռուպցիայի դեմ և նվազեցնել Վաշինգտոնում լոբբիստների ազդեցությունը:

Վերլուծաբանների կարծիքով, Բլագոևիչի դեպքն էլ ավելի արդիական է դարձնում Բարաք Օբամայի խոստման իրականացումը:

XS
SM
MD
LG