Մատչելի հղումներ

Ներգաղթողների ինտեգրմանն ուղղված ծրագիր Բելգիայում


Վերջին տարիներին Եվրոպական Միության ներգաղթի քաղաքականությունը փոփոխության է ենթարկվել: Այն խրախուսում է հմուտ աշխատողների մուտքը Եվրոպա` միևնույն ժամանակ պայքարելով անօրինական ներգաղթի դեմ:

Քամալ Դիփը որակավորված մեխանիկական ինժեներ է Հնդկաստանից: Նա Բելգիա է ներգաղթել ընդամենը վեց ամիս առաջ:Նա իր դասընկերների հետ միասին սովորում է, թե ինչպես կողմնորոշվել բելգիական բյուրոկրատիայի շրջանակներում: Նա հուսով է, որ հասարակության մեջ ինտեգրվելուն ուղղված այս դասընթացների շնորհիվ կարող է իր որակավորմանը համապատասխան աշխատանք գտնել:

"Եթե լավ սովորես, ամեն ինչ շատ հեշտ է: Մենք մեր երկրներում ստացված դիպլոմներ ունենք, և եթե դրանք այստեղ ճանաչվեն, ապա աշխատանք գտնելու խնդիր չենք ունենա: Բայց բոլորն ասում են, որ Բելգիայում շատ դժվար է մշտական բնակության համար անհրաժեշտ փաստաթղթերն ապահովել: Այլապես` սա շատ լավ երկիր է”, ասում է Քամալ Դիփը:

BON շահույթ չհետապնդող կազմակերպության այս դասընթացները տևում են 60-ից 80 դասաժամ, որից հետո անց են կացվում հոլանդերենի դասընթացներ:

Ուսուցիչ Մարինա Վոլոդինան ազգությամբ ռուս է, բայց վերջին ինը տարիներին ապրում է Բելգիայում:

Նա ասում է, որ այս կամավոր դասընթացներին նման ակտիվ մասնակցությունը ցույց է տալիս, որ ուսանողները դրանց կարիքն ունեն:"Ոչ ոք նրանց չի ասել, որ դասընթացներին չներկայանալու դեպքում կպատժվեն: Այդ իսկ պատճառով այստեղ են միայն նրանք, ովքեր իրոք ցանկանում են ինտեգրվել այս հասարակությանը և ովքեր հասկանում են, թե ինչ է նշանակում օտար երկրում բնակվել: Նրանց պատրաստակամությունն ակնհայտ է”, նշում է Մարինա Վոլոդինան

Նրանք ուսումնասիրում են սոցիալական ապահովության նպաստների տրամադրման համակարգը, ինչպես նաև աշխատավարձի շուրջ բանակցություններ վարելու հմտություններ են ձեռք բերում:

Գանայից երկու տարի առաջ Բելգիա ժամանած Ռոուզմերին երկու երեխայի մայր է: Նա ասում է, որ մինչև այս դասընթացներին մասնակցելը նա տեղյակ չէր, որ բելգիական առողջապահության համակարգն անվճար է բոլորի համար:

"Այստեղ շատ բան ենք սովորում: Մեզ սովորեցնում են ինչպես աշխատանք փնտրել և գտնել, ինչպես պայքարել սեփական իրավունքների համար: Այստեղ մեզ տալիս են այնպիսի գիտելիքներ, որ այլապես չէինք կարող ստանալ”, ասում է Ռոուզմերին:

Ծրագրի կազմակերպիչներն ասում են, որ դրա հաջողության գաղտնիքը անհատական խորհրդատվությունների և թիմային աշխատանքների զուգահեռ իրականացումն է: Կազմակերպության տնօրեն Էրիկ Դե Յոնգն ասում է, որ գաղթողները հաճախ որպես բեռ են ընկալվում հասարակության համար: Սակայն այս կազմակերպությունը փորձում է փոխել այդ ընկալումը:

"Մեր հասարակության համար անհրաժեշտ են նորեկները: Ամբողջ աշխարհում մեծ տնտեսություն ունեցող երկրներում անհրաժեշտ է, որ նորեկները դառնան հասարակության իրավահավասար անդամներ, և մեր պետությունը բացառություն չէ”, նշում է նա:

Նոր ներգաղթողներն ասում են, որ ներկա տնտեսական անկման պայմաններում որքան շուտ ինտեգրվեն, այնքան մեծ հնարավորություններ կունենան նոր կյանք սկսելու:

XS
SM
MD
LG