Մատչելի հղումներ

Ավելի մեծ թվով մարդկանց օգնելու համայնքային ծրագրեր - 2005-06-20


Հարաճուն թվով ամերիկացիներ համատեղ ջանքերով ուղիներ են գտնում ավելի մեծ թվով մարդկանց օգնելու համար։

Ջեյն Վիլյամսն այս շաբաթավերջի մեկ օրն անցկացնում է Վիրջինիայում գտնվող մի տան սենյակները ներկելու եւ մաքրելու համար։ Նրա ընկերուհին՝ Լինդա Սթրափը մաքրում է տան բակը։ Նրանք մասնակցում են տարեց, հիվանդ կամ ցածր եկամտով անձանց տները վերանորոգելու նպատակով իրագործվող "Վերակառուցենք միասին" անվամբ համայնքային ծրագրին։ Ջեյնի եւ Լինդայի համար կամավոր աշխատանքը նրանց կյանքի մաս է կազմում։

Լինդա Սթրափն ասել է. "Անցած 20 տարում աշխատել եմ կամավոր։ Երեխաներ ունենալուց հետո դադարեցի աշխատել լիադրույք։ Երջանիկ եմ այլոց օգնելու նպատակով ժամանակ եւ կարողություն ունենալուս համար"։

Մեկ տարի առաջ Ջեյնն ու Լինդան իրենց 4 ընկերների հետ ստեղծեցին "Հույսի շրջան" կազմակերպությունը։

Լինդան հայտնել է. "Օգնում ենք տարեցներին, երեխաներին, ընտանեկան բռնությունների ենթարկված անձանց։ Դիմումնագրերը քննարկելուց հետո որոշում ենք կայացնում ամենամյա դրամաշնորհների հատկացման առնչությամբ"։

Նրանց համատեղ ջանքերը պսակվել են հաջողությամբ։ Միայն անցյալ տարի բարեգործական կազմակերպություններին հատկացվել է 25 հազար դոլարի դրամաշնորհ։ Տարբեր տարիքի եւ մասնագիտական փորձառություն ունեցող կանանցից բաղկացած կազմակերպությունն ընդլայնվել է եւ նրա անդամների թիվը հասել է 75-ի։

Կազմակերպության անդամներից Էնն Սիմոնսն ընդգրկված է անտուն երեխաների գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրում։

Նա նշել է. "Ավելի ու ավելի մեծ թվով անձինք են տեղեկանում մեր կազմակերպության եւ մեր կողմից իրականացվող ծրագրերի մասին, որի հետեւանքով նորանոր կանայք են անդամակցում մեր կազմակերպությանը"։

Բարեգործության բնագավառում իրականացվող ուսումնասիրություններից մեկի համաձայն ԱՄՆ-ում վերջին 4 տարում "Հույսի շրջան" կազմակերպության նմանակությամբ ստեղծվել են 220 բարեգործական խմբեր։ Համայնքային ծրագրերին հատկացվել է 44 միլիոն դոլարից ավելի գումար։

Հետազոտողներից Թրեյսի Ռութնիկն ասել է. "Պարզեցինք, որ "Հույսի շրջան" կազմակերպության նմանակությամբ ստեղծված խմբերը հրապուրում են տարբեր ցեղային եւ ազգային պատկանելության տղամարդկանց ու կանանց։ Առկա են նույնիսկ միայն կենսաթոշակառուներից կամ միայն 5-ամյա երեխաներից կազմված նման խմբեր"։

Այդ խմբերը ներկայումս օգնության ձեռք են մեկնում նույնիսկ աշխարհի այլ երկրների։ Վերջերս տեղի ունեցած դրամահավաքի ճաշկերույթի հասույթները հատկացվեցին կանանց եւ երեխաների սեռական չարաշահումների դեմ պայքարող Տաիլանդում գործող "Գիշերային լույս" անվամբ ծրագրին։

Ջեյն Վիլյամսը հայտնել է. "Եթե բազմաթիվ անձինք ստեղծեն կամ անդամակցեն նման կազմակերպությունների, հուսով եմ, որ մեզ կհաջողվի դրական փոփոխություն բերել ոչ միայն մեր համայնքներում, այլեւ աշխարհի այլ երկրներում"։

XS
SM
MD
LG