Մատչելի հղումներ

Փարիզի ինքնաթիռաշինության ցուցահանդեսը - 2005-06-16


Փարիզի ինքնաթիռաշինության ցուցահանդեսում Էյրբաս եւ Բոինգ ընկերությունները ներկայացրեցին իրենց նոր ինքնաթիռները։

Էյրբաս ընկերության Էյ380 մակնիշի ինքնաթիռը մեծ դրվատանքի արժանացավ Փարիզի ինքնաթիռաշինության ցուցահանդեսում։ Այն ներկայիս խոշորագույն մարդատար ինքնաթիռն է եւ կարող է փոխադրել 800-ից ավելի ուղեւոր։ Էյրբաս ընկերությունն ակնկալում է, որ այս նոր ինքնաթիռով ուղեւորները կճամփորդեն դեպի Ասիա եւ Մերձավոր Արեւելք։

Էյրբաս ընկերությունը ստացել է մարդատար այլ ինքնաթիռների պատրաստման տասնյակ եւ Էյ380 մակնիշի ինքնաթիռի պատրաստման 150-ից ավելի պատվերներ։

Ֆրանսիայում հիմնված ինքնաթիռաշինական Էյրբաս ընկերության Էյ380 մակնիշի ինքնաթիռի շուկայահանման ղեկավար Թոմաս Բըրգըրը հայտնել է. "1990-ական թվականների կեսերից ի վեր անընդմեջ աճ ենք արձանագրել եւ ներկայումս շուկայում ունեցած մեր մասնաբաժինը 50-ական տոկոսով կիսում ենք Բոինգ ընկերության հետ։ Մենք եւ մեր պատվիրատուները չափազանց երջանիկ են այս ձեռքբերումով"։

Բոինգ ընկերությունն իր հերթին փորձում է գնորդներ գտնել իր նոր 777-200 մակնիշի ինքնաթիռի համար, որը հնարավորություն կընձեռի իրականացնելու առանց միջանկյալ կանգառի ուղեթռիչքներ, ինչպես օրինակ Նյու Յորքից Սինգապուր կամ Լոս Անջելեսից Դուբայ։ Ցուցահանդեսում այս նոր մակնիշի ինքնաթիռին ծանոթանալուց հետո, Հնդկական "Ջեթ Էյրվեյզ" ավիաընկերության ներկայացուցիչները գնեցին 6 ինքնաթիռ։

Բոինգ ընկերությունը ներկայացնում է նաեւ իր նոր 787 Դրիմլայնըր մակնիշի ինքնաթիռը, որն օդ կբարձրանա 2008 թվականին։ Ընկերությունն արդեն ստացել է մոտավորապես 300 պատվերներ։

787 ծրագրի ղեկավար Մայքըլ Բեյրը նշել է. "Ակնկալում ենք, որ հաջորդ 20 տարում կվաճառենք 3 հազար 5 հարյուր 787 մակնիշի ինքնաթիռ։ Ունենք ամբողջապես նոր արտադրանք եւ կարծում ենք, որ շուկայում ունեցած մեր մասնաբաժինը կգերազանցի 50 տոկոսը"։

Հաջորդ տասնամյակում Բոինգ եւ Էյրբաս ընկերությունները սաստիկ մրցակցություն կմղեն մարդատար լավագույն ինքնաթիռի արտադրության ոլորտում։ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ներգրավված են նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության իրավական պայքարում։ Յուրաքանչյուր երկիրն ասում է, թե մյուսն անօրինականորեն դրամական օժանդակություն է հատկացնում իր ինքնաթիռաշինական ընկերությանը՝ ստեղծելով անարդարացի առավելություն։

XS
SM
MD
LG