Մատչելի հղումներ

Ջորջ Բուշի եւ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հանդիպումը - 2005-06-09


Չորեքշաբթի օրը Սպիտակ Տանը կայացած հանդիպման ընթացքում նախագահ Ջորջ Բուշը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննարկեցին իրենց երկու երկրների միջեւ հարաբերությունները եւ մի շարք այլ հարցեր։

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Սպիտակ Տուն իր այցելության ընթացքում փորձեց բարելավել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները, որոնք լարված են իրաքյան պատերազմից ի վեր, երբ Թուրքիան հրաժարվեց ամերիկյան զորքերին թույլ տալ օգտագործելու իր ռազմական հենակայանները։ Նախագահ Բուշի հետ հանդիպումից հետո պարոն Էրդողանը նշեց.

“Ուրախ ենք, որ ապագայում մեր երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունները կզարգանան այնպես, ինչպես անցյալում էր”։

Երկու երկրների ղեկավարները հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ տարածաշրջանային այլ խնդիրներ՝ այդ թվում Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

“Իմ վարչակազմի արտաքին քաղաքականության նախաձեռնությունների կարեւորագույն հարցերից մեկը պաղեստինցիների հետ համագործակցելն է, որպեսզի կարողանան ունենալ իրենց պետականությունը, ժողովրդավարությունը եւ խաղաղորեն ապրեն Իսրայելի հարեւանությամբ։ Գիտեմ, որ պարոն Էրդողանն ունի նույն փափագը”։

Թուրքիան նաեւ օգնություն է ակնկալում “Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն” անվամբ հայտնի անջատողամետ խմբի հարցում։ Անկարան հայտնել է, որ խմբի մարտիկները սահմանն անցնելով Իրաքից ներխուժում են Թուրքիա եւ հարձակումներ են իրականացնում։ Սպիտակ Տան խոսնակ Սքոթ ՄըքՔլելանը նշել է.

“Մենք հանձնառու ենք Իրաքում գտնվող եւ Իրաք ներխուժել փորձող ահաբեկիչներին՝ այդ թվում “Քուրդիստանի աշխատավորական կուսակցության” մարտիկներին հետապնդելու եւ նրանցից ազատվելու խնդրում։ ”։

Սպիտակ Տունը հայտնել է, թե նախագահ Բուշը շարունակում է սատարել Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ջանքերին։

Նախատեսվում է, որ պարոն Էրդողանի եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի միջեւ այսօր կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվի Կիպրոսի հունական եւ թուրքական հատվածների միջեւ խաղաղության հաստատման գործընթացին ուղղված բանակցությունների վերակենսունականացման հարցը։

XS
SM
MD
LG