Մատչելի հղումներ

Նախագահ Բուշն առաջարկում է... - 2005-06-08


Ամերիկյան երկրների կազմակերպության ընդհանուր ժողովում նախագահ Բուշն ասաց, որ Կենտրոնական Ամերիկայի երկրների հետ ազատ առեւտրի պայմանագիրը կլինի փոխշահավետ։

Վերջին երեսուն տարում Միացյալ Նահանգներում առաջին անգամ կայացող Ամերիկյան երկրների կազմակերպության ընդհանուր ժողովում նախագահ Բուշն ասաց հետեւյալը։

՚՚Մեր ժողովուդները միավորված են պատմությամբ եւ աշխարհագրությամբ ու Միացյալ Նահանգները Ձեզ հետ հանձնառություն ունի կառուցելու ընդհանուր Ամերիկա, որը կապրի ազատ եւ կբարգավաճի՚՚։

Նախագահ Բուշն ընդհանուր ժողովում առաջարկեց Կենտրոնական Ամերիկայի երկրների հետ կնքել առեւտրի պայմանագիր։ Նախագահի կարծիքով առեւտրի բնագավառում սակավաթիվ խոչընդոտները կնպաստեն խաղաղության պահպանմանը։

՚՚Առեւտրով կապված Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաները նվազ հավանական է, թե կպառակտվեն զայրույթի ու կեղծ գաղափարախոսության հետեւանքով։ Մենք կլինենք աշխարհում ամենամրցակցական տարածաշրջանը։

Առեւտրի պայմանագրի կողմնակիցներն ասում են, թե պայմանագիրն առնվազն Կենտրոնական Ամերիկայի երկրների համար կստեղծի հավասար պայմաններ Միացյալ Նահանգներում արտադրված ապրանքների մաքսատուրքերը վերացնելով։ Գլոբալ Սթրաթիջի Ինսթիթյութ կազմակերպության աշխատակից Սիդնի Վեյնթրոբն ասում է, թե նախագահի ծրագրին ընդդիմանում են արհմիութենական եւ շրջակա միջավայրի պաշտպանության բազմաթիվ խմբեր։

՚՚Այս բոլոր խմբերը համատեղ կարող են բավականին ազդեցիկ լինել Միացյալ Նահանգներում ներկայումս, երբ մեր շուկաները փոքր-ինչ եւս բացելը ժողովրդականություն չի վայելում երկրում՚՚։

Դոկտոր Վեյնթրոբն ասում է, թե չնայած Միացյալ Նահանգների որոշ ընկերություններ կտուժեն Կենտրոնական Ամերիկայի երկրների հարաճուն մրցակցությունից, ԱՄՆ-ից ապրանքների արտահանումների ծավալը կգերակշռի։ Այս մասին նախագահ Բուշն ասաց.

՚՚ Պայմանագիրը, կրճատ՝ ՔԱՖԹԱ-ն նաեւ ազդանշան է մեր հարեւանների համար ժողովրդավարությանն ու բարգավաճմանն ԱՄՆ-ի հանձնառության մասին։

ՔԱՖԹԱ-յի շուրջ այս ամսի վերջերին Կոնգրեսում կկայանա քվեարկություն։

XS
SM
MD
LG