Բազմաթիվ երկրներում հաճախ հակասություն է առկա տնտեսական զարգացման եւ բնությունը պահպանելու ջանքերի միջեւ։
Թիլգմանի կղզին գտնվում է Մերիլենդի նահանգի արեւելյան ափին։ Ինչպես Չեսիփիկի ծովածոցի բազմաթիվ քաղաքների դեպքում է, այն կարծես դրախտ լինի ջրափնյա շրջանի հանդարտությունը վայելողների համար։ Թիլգմանի կղզուց նավարկելով կարելի է հասնել մերձակա Փոփլարի կղզին։
Փոփլարի կղզին վերափոխման գործընթացում է։ Երեք դար առաջ, կղզու տարածքը կազմել է 800 հեկտար։ Ժամանակի ընթացքում մարդկային գործունեության, քամուց եւ ալիքներից առաջացած քայքայման հետեւանքով կղզու հողատարածքը սկսել է նվազել եւ 1990-ական թվականներին այն կազմել է ընդամենը երկու հեկտար։ Սա թերեւս լիներ Փոփլարի կղզու վերջը, եթե ոչինչ չձեռնարկվեր կղզուց 46 կիլոմետր հյուսիս գտնվող եւ դեպի Բալթիմորի նավահանգիստը տանող նավարկելի ջրանցքներում։
Բալթիմորն Ամերիկայի խոշորագույն միջազգային նավահանգիստներից մեկն է։ Մերիլենդի նավահանգստային վարչությունը հայտնել է, որ 2004 թվականին Բալթիմորի նավահանգստում կայանել է գլխավորապես Եվրոպայից ժամանած առնվազն 2 հազար նավ։ Սակայն նավուղիներում ջրի անբավարար խորության դեպքում խոշոր նավերը չեն կարող մոտենալ նավահանգստին։ Մերիլենդի բնապահպանության գործակալության աշխատակից Քրիսի Ալբանիսը նշել է, որ այդ նպատակով անհրաժեշտ է պարբերաբար հողահան աշխատանքներ կատարել։
Նա հայտնել է. "Փորված նյութերը պետք է հեռացվեն ջրուղիներից, որպեսզի խոշոր նավերն անարգել կարողանան մտնել նավահանգիստ եւ դուրս գալ այնտեղից"։
Սակայն Չեսիփիքի ծովածոցի երկայնքով բնակվող բազմաթիվ համայնքների բնակիչների համար անընդունելի էր փորված նյութերից ազատվելու նպատակով դրանք ավելի մեծ խորությամբ ջրային տարածքում բեռնաթափելու տարբերակը։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ ճարտարագետներն ու բնապահպանության ջատագովները որոշեցին փորված նյութերը փոխադրել Փոփլարի կղզի։ Քրիսի Ալբանիսն ասել է, թե այդ ամենի հետեւանքով վերջին 4 տարում կղզին դանդաղորեն վերակենսունականանում է։
Նման ծրագրի նպատակն է վերականգնելու Փոփլարի կղզու 461 հեկտար հողատարածքը, որը գրեթե այն չափն է, որ կղզին ունեցել է 1847 թվականին։ Սա երկարաժամկետ ծրագիր է եւ դրա իրականացման համար թերեւս պահանջվի մեկ տասնամյակ ու միլիոնավոր դոլարի գումար։
Քրիսի Ալբանիսն ավելացրել է. "Եթե նավուղիներում չիրականացվեին փորման աշխատանքներ, ապա այդ խոշոր նավերի մեծ մասը չէր կարողանա մտնել նավահանգիստ եւ այդ դեպքում կունենայինք եկամտի խոշոր կորուստ"։
Ոմանք ասում են, թե փորված այս նյութերի օգտագործմանն ուղղված ավելի լավ լուծում չգտնելու դեպքում, թերեւս կանհետանար Չեսիփիկի ծովածոցի մեկ այլ հատված։