25 տարի առաջ Վաշինգտոնի նահանգի Սեյնթ Հելենզ լեռան հրաբուխի ժայթքման հետեւանքով զոհվեց 57 անձ եւ ոչնչացավ հարյուրավոր կիլոմետր անտառային տարածք։
1980 թվականի մայիսի 18-ին Վաշինգտոնի նահանգի Սեյնթ Հելենզ լեռան հրաբուխը ժայթքեց մեկդարյա հարաբերական հանգստից հետո։ Դրա հետեւանքով զոհվեց 57 անձ եւ էպիկենտրոնից 400 կիլոմետր հեռու գտնվող քաղաքները ծածկվեցին մոխրով։ Րոպեների ընթացքում 3 հարյուր 50 քառակուսի կիլոմետր տարածքի վրա ամբողջապես ոչնչացան անտառները եւ կյանքի ամեն նշան։ Հինգ ամբողջ մեկ տասնորդական միավոր ուժգնությամբ երկրաշարժը հանգեցրեց լեռան հյուսիսային լանջի փլուզմանը՝ առաջացնելով աննախադեպ չափերի հասնող հողասահք։
Երկու տարի անց, Միացյալ Նահանգների Կոնգրեսը Սեյնթ Հելենզ լեռան հրաբուխի շրջակա 45 հազար հեկտար տարածքը հատկացրեց ազգային հուշահամալիր ստեղծելու համար։ Մի քանի տարի է, ինչ ԱՄՆ-ի անտառային ծառայության կենսաբան Չարլի Քրիսաֆուլին հետեւում է տարածաշրջանում կյանքի վերադառնալու նշաններին։ Նա հայտնել է, թե որոշ շրջաններում շատ են անտառամշակման ընկերությունների կողմից տնկված ծառերը, մինչդեռ լեռան հյուսիսային եւ արեւմտյան լանջերում բնությունն ինքն է սեփական ուժով վերականգնվում։
Զմայլվելով բնության կենսունակության ուժով պարոն Քրիսաֆուլին նշել է. "Զարմանալիորեն, հեռվից աչքով հնարավոր չէ տեսնել ամեն ինչ։ Մոտենալու դեպքում կարելի է պարզել, որ ոչնչացած անտառի որոշ թվով հին ծառեր, օրինակ փշատերեւ ծառատեսակներից յոթը վերականգնվել են եւ նոր սերունդ են տալիս։ Այստեղ հաստատվել են փոքր կաթնասունների 16 տարբեր տեսակներ"։
Փոփոխություններից շատերը տեսանելի են Սեյնթ Հելենզ լեռ այցելող զբոսաշրջիկներին։ Բազմաթիվ այցելուների թվում է Մերիէն Թըրնիփսիդը, որն ամուսնու հետ այստեղ է եկել Սան Դիեգոյից։ 1980-ական թվականների վերջերից ի վեր սա նրանց երկրորդ այցելությունն է։
Մերիէն Թըրնիփսիդն ասել է. "Պարզապես հիանալի է սեփական աչքով տեսնելը բուսականության աճը"։
Անցած սեպտեմբերին, տարիների հարաբերական հանգստից հետո հարյուրավոր թույլ ուժգնությամբ երկրաշարժեր ազդարարեցին Սեյնթ Հելենզ լեռան հրաբուխի վերաակտիվանալը։ Հոկտեմբերի 1-ին գոլորշու պոռթկմանը հաջորդեց փոքր քանակի մոխրի արտանետում։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում չեն դադարում փոքր քանակի լավայի եւ գոլորշու արտանետումները, երկրաշարժերը։ Այդ ամենը գիտնականներին եւ զբոսաշրջիկներին հիշեցում է, որ հսկան թերեւս շատերի ցանկությանը հակառակ այնքան էլ հանդարտ քնած չէ։