Մատչելի հղումներ

Համակարգչային մոլեգնություն - 2005-05-25


Մարդկանց կախվածությունը համակարգիչներից, բջջային հեռախոսներից եւ ամենաարդիական այլ սարքավորումներից որոշ դեպքերում ոչ թե դյուրացրել է նրանց կյանքը, այլ հարուցել է "համակարգչային մոլեգնություն"։

Թերեւս զվարճալի թվան ջախջախված համակարգիչների, ստեղնաշարերի եւ համակարգչային մկնիկների մնացորդների պատկերները։ Սակայն հաճախ այդ ամենի ետում կուտակված զայրույթը չափազանց իրական է եւ հոգեբաններն այն անվանում են "համակարգչային մոլեգնություն"։ Փորձագետներն ասում են, թե առօրյա կյանքում տեխնոլոգիայից մարդկանց հարաճուն կախվածության պայմաններում խափանումներով գործող համակարգիչները դառնում են թշնամի։

Մերիլենդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր, դոկտոր Քենթ Նորմանը հայտնել է, թե մարդիկ աննախադեպ կախվածություն են ձեռք բերել իրենց համակարգիչներից։ Դոկտոր Նորմանի գլխավորած գիտնականների խումբն անց է կացրել նման կախվածության հետեւանքները հաստատող մի հարցախույզ։

Պարոն Նորմանն ավելացրել է. "Համակարգիչներից օգտվող տղամարդկանց տասը տոկոսը հարվածել է դրան, մոտավորապես 20 տոկոսը հարվածել է համակարգչի էկրանին եւ փշրել է այն, իսկ 80 տոկոսը հայհոյել է համակարգչին վատ աշխատանքի համար։ Ընդհանուր առմամբ տղամարդիկ ֆիզիկապես 50 տոկոսով ավելի հարձակողական են կանանցից"։

Մեկ անգամ պրոֆեսոր Նորմանն անձամբ ջախջախել է համակարգիչ։

Պարոն Նորմանը նշել է. "Համակարգիչները պարզապես սարքավորումներ են եւ նրանց ֆիզիկական վնաս հասցնելը սարսափելի չէ։ Սակայն մոլեգնության խնդիրը կայանում է նրանում, որ զայրացած անձը կարող է հարվածել իր հարեւանությամբ գտնվող անձին, կնոջը, երեխաներին"։

Համակարգիչների ոչ կատարյալ աշխատանքից առաջացած զայրույթի աճի պայմաններում ստեղծվել է մի նոր ծառայություն, որի մասնագետներն օրվա ցանկացած պահին կարող են այցելել հաճախորդի տուն կամ աշխատավայր, որպեսզի վերականգնեն անհետացած տվյալները կամ չգործող սարքը։ Փորձագետներն ասում են, թե համակարգչային մոլեգնությանը հանգեցնող սխալները կանխելու նպատակով կարելի է ձեռնարկել բազմաթիվ քայլեր, այդ թվում համակարգչային փաստաթղթերի կրկնօրինակները ստեղծելը եւ համակարգչի հիշողության մեջ տվյալները հաճախակիորեն պահեստավորելը։

Սակայն դոկտոր Նորմանն հայտնել է, թե համակարգչային մոլեգնությունից խուսափելու ամենավստահելի տարբերակը հետեւյալն է. "Եթե համակարգչային ընկերություններն ի վիճակի լինեին ստեղծելու համակարգչի այնպիսի գործող համակարգ, որը երբեւէ չի խափանվում"։

Դոկտոր Նորմանը խորհուրդ է տալիս համակարգչի խափանման դեպքում պահպանել հանգստությունը եւ հեռանալ դրանից։ Եթե դա չի հաջողվում, ապա անհրաժեշտության դեպքում մերձակայքում կարելի է ունենալ որոշ հավելյալ սարքավորումներ։

XS
SM
MD
LG