Իրանը հայտնել է, թե չնայած Եւրոպական երկրների ղեկավարների հետ առաջիկա բանակցություններին, շարունակելու է իր միջուկային ծրագիրը։
Միջուկային իր գործունեությունը վերսկսելու Իրանի հայտարարությունից մտահոգված, ԱՄՆ-ի օրենդիրները խորհում են, թե ինչպես արձագանքել։ Այս մասին Միացյալ Նահանգների արտաքին գործոց փոխնախարար Նիքըլըս Բըրնզն ասում է.
՚՚Թեհրանին մեր պատգամն այսօր հետեւյալն է. հավատարիմ մնացեք Փարիզի համաձայնագրին, շարունակեք միջուկային գործունեության հետ կապված բոլոր առկախումներն ու բանակցությունները…՚՚։
Միջուկային զենքերի հարցերով փորձագետ Գերի Միլհոլինը նաեւ վկայություն տվեց ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ունկնդրության ժամանակ, որ Իրանը կապեր ունի ահաբեկչական խմբերի հետ, որոնք կարող են գաղտնորեն զենքեր փոխադրել ԱՄՆ։
՚՚Կարծում եմ, որ եթե իրանացիները տասից ավելի ռումբ ունենային եւ մեզ հետ պատերազմ սկսելու վտանգի մասին խորհեին, ապա այդ դեպքում դրանցից մեկը կարող էին ԱՄՆ հասցնել առանց հրթիռի օգնության՚՚։
Իրանն իր միջուկային գործունեությունը սկսելու դեպքում Եւրամիությունը սպառնացել է խնդիրը հասցնել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին։ Սակայն սենատոր Ջո Բայդընի կարծիքով դա ունի իր վնասները։ ՚՚Անվտանգության Խորհրդին դիմելու դեպքում հնարավոր է ստացվի մի բան՝ որն անցանկալի է. դա թերեւս առկա փաստն ընդունելը՝ կամ էլ միակողմանիորեն ռազմական միջոցի դիմելն է՚՚։
Իրանը մշտապես պնդում է, թե իր միջուկային ծրագիրը էլեկտրաէներգիա ստանալու համար է։ Միջազգային խաղաղության Կարնեգիի հաստատության աշխատակից Ջորջ Փերկովիչն այսպես է նկարագրում այս խնդրում Իրանի մտածելակերպը.
՚՚Մեծ տերություններն ունեն այդ տեխնոլոգիան։ Մենք հին քաղաքակրթություն ունենք, խելացի ենք եւ ԱՄՆ-ը փորձում է խոչընդոտել մեզ, քանի որ չի հանդուրժում Իրանին որպես երկիր ՚՚։
1979 թվականին Իրանի հեղափոխությունից հետո ԱՄՆ-ը խզեց իր դիվանագիտական կապերը Թեհրանի հետ։ Սենատոր Քրիսթըֆըր Դոդդի կարծիքով ԱՄՆ-ն Իրանի հետ պետք է սկսի սահմանափակ շփում։ ՚՚Մենք Իրանի հետ պետք է փոքր-ինչ ավելի շփվենք։ Կարծում եմ, այս խնդրի առնչությամբ մեր արտաքին քաղաքականության դերը չպետք է լիազորենք եւրոպացիներին՚՚։ ՚՚Իրանի կառավարությունը հրաժարվում է որեւէ հետաքրքրություն դրսեւորել պատասխանատու բանակցություններ վարելու գործում՚՚։
Պարոն Բըրնզն ասել է, թե Իրանին տնտեսական հավելյալ օգուտներ առաջարկելն իր կարծիքով Թեհրանին ետ չի պահի միջուկային զենքեր հետամտելուց։