Մատչելի հղումներ

Սթեյնվեյ եւ որդիներ ընկերությունը - 2005-05-23


152 տարի առաջ Նյու Յորքում հաստատված "Սթեյնվեյ եւ որդիներ" ընկերությունը մինչեւ այսօր էլ շարունակում է դաշնամուրները պատրաստել ձեռքով։

Մինչեւ համերգային դահլիճում հայտնվելը Սթեյնվեյ դաշնամուրները պատրաստվում են ընկերության Նյու Յորքում գտնվող 125-ամյա գործարանում։

Մի քանի բացառությամբ, Սթեյնվեյ դաշնամուրների պատրաստման գործընթացը գրեթե փոփոխություն չի կրել։ Յուրաքանչյուր դաշնամուր պատրաստվում է մեկ տարում։

Ընկերության գործադիր փոխնախագահ Ֆրանկ Մազուրկոն նշել է արհեստավարժության կարեւորության մասին։ Նա հայտնել է. "Ահա թե ինչն է մեր դաշնամուրների տարբերությունը մյուսներից"։

"Սթեյնվեյ եւ որդիներ" ընկերությունը հիմնադրվել է 1853 թվականին գերմանացի ներգաղթող Հենրի Սթեյնվեյի կողմից։ Սակայն Հենրիի որդի Վիլյամն էր, որ դարձավ ընկերության շարժիչ ուժը։ 1870 թվականին Վիլյամ Սթեյնվեյը կառուցեց դաշնամուրների աշխարհում խոշորագույն գործարանը, ինչպես նաեւ բանվորների համար մոտակա գյուղական բնակավայրը։

Գյուղն այլեւս գոյություն չունի եւ Սթեյնվեյների ընտանիքն ընկերությունը վաճառել է 1972 թվականին։ Սակայն ապրում են սերունդներով այստեղ աշխատած անձանց զավակները, ովքեր հպարտանում են իրենց աշխատանքով, այն համարելով ընտանեկան գործ։

Ընկերության աշխատակիցներից Ռուպերթ Ֆորբզն ասել է. "Ինձ դուր է գալիս փայտը կտրելն ու մշակելը եւ հպարտանում եմ, երբ վերջնական արտադրանքը լավ տեսք ունի"։

Ռուպերթ Ֆորբզը Յամայկայից է։ Ընկերության 400 աշխատակիցներից շատերը ներգաղթողներ են։ Այստեղ կարելի է լսել առնվազն 25 լեզու։

Խորվաթացի Անիտա Գլավանը թարգմանել է բոսնիացի Քամիլ Կատանայի համար. "Քամիլը չափազանց երախտապարտ է, որ եկել է Միացյալ Նահանգներ եւ որ իրեն հաջողվել է լավ աշխատանք գտնել այս բարենպաստ միջավայրում։ Արդեն 7 տարի է, ինչ նա այս երկրում է"։

Այստեղ արհեստավորները, ինչպես օրինակ ուկրաինացի Յուրի Կոսաչեւիչն ու Գայանայից Վիկտոր Տիլակն են, կարգավորում են Սթեյնվեյի դաշնամուրների հնչողությունը։

Վոլթեր Բութի աշխատանքը թերեւս լավագույնն է։ Նրա պարտականությունների մեջ է մտնում համոզվելը, որ դաշնամուրի ստեղների տոնայնությունը հավասար է։

Վոլթերն ասել է. "Ամենավերջին անձն եմ, որ մինչեւ դաշնամուրը գործարանից առաքելը նվագում եմ այն, որպեսզի համոզվեմ, որ ամեն ինչ կարգին է"։

Վոլթեր Բութի դաշնամուր նվագելու հմտությունները թերեւս զիջում են հայտնի դաշնակահար Շուրա Չերկասկիի հմտություններին, սակայն Սթեյնվեյի կնիքը դաշնամուրի վրա դնելիս Վոլթերը վստահ է, որ դրա որակը բավարարում է ընկերության չափանիշներին։

XS
SM
MD
LG