Ինչպես թվում է, վերջերս սոցիալ-տնտեսական բնագավառում կատարված զարգացումների շնորհիվ Հյուսիսային Կորեան նվազ չափով է մեկուսացած։
Փորձագետներն ասում են, թե Հյուսիսային Կորեայի բնակիչներն այժմ վայելում են տնտեսական եւ անձնական որոշ ազատություն, որից նախկինում զուրկ էին։ Ջո Վայնդըրը մայրաքաղաք Վաշինգտոնում հաստատված Կորեայի տնտեսագիտական ինստիտուտի ղեկավարն է։
՚՚Կորեայի հետ առեւտուր անող եւ այդ երկրից ճողոպրած անձանց զեկույցներից պարզվել է, որ Հյուսիսային Կորեայի բնակիչները նախկինի համեմատությամբ այժմ ունեն տնտեսական շատ ավելի մեծ ինքնուրույնություն…՚։
Կառավարությունն այժմ իր քաղաքացիներին թույլատրում է բացելու մասնավոր փոքրիկ շուկաներ։ Պարոն Վայնդըրն ավելացնում է.
՚Սննդամատակարարման համակարգը չէր գործում եւ վարչակարգը հարկադրված էր թույլատրելու մասնավոր շուկաների զարգացումը՚՚։
Հյուսիսային Կորեայի բնակիչներն ուղեւորվում են Չինաստան աշխատանք որոնելու եւ չինական ապրանքներ գնելու՝ իրենց երկրում վաճառելու նպատակով։ Ապրանքների թվում են Հարավային Կորեայի հեռուստատեսային ծրագրերի պատճենները։ Մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում Կորեայի հարցերով մասնագետ Քըրք Լարսոնն այս մասին ասում է.
՚՚Հասարակության վերին խավն ունի ամենամեծ մատչելիությունը բջջային հեռախոսներին ու հաղորդակցության այլ կարգի միջոցների։ Սակայն նրանք պաշտպանված են դրա հնարավոր հետեւանքներից։ Եւ որպես կանոն, նրանք գրեթե հետաքրքրված չեն տապալելու այդ վարչակարգը…՚՚՚՚։
Հյուսիսային Կորեայի հասարակության վերին խավին անհրաժեշտ են բջջային հեռախոսներ չինացի իրենց գործընկերների հետ կապ պաշտպանելու համար։ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ առեւտուրն այս տարվա առաջին եռամսյակում ավելացել է 58 տոկոսով, իսկ Չինաստանի հետ առեւտուրը գրեթե կրկնապատկվել է։ Պրոֆեսոր Լարսոնն այս մասին ասում է.
՚՚…կարծում եմ մարդիկ վերջիվերջո կհրաժարվեն ենթարկվել բռնատիրական այս պետության պահանջներին եւ կցանկանան տարբեր կյանք՚՚։
Ջո-ն համաձայն է.
՚՚Դժվար է պատկերացնելը, թե այս տեսակ վարչակարգն ինչպես կարող է գոյատեւել հավիտյան։ Սա շարունակվում է հիսուն տարի։ Երկիրը մեկուսացած է, անցյալի մնացուկ է ու կտապալվի իր իսկ ծանրության ներքո՚՚։
Սակայն Ջո-ի կարծիքով Կիմ Ջոնգ Իլի վարչակարգը շուտով չի տապալվի։ Հյուսիսային Կորեան դեռեւս նշանակալից օգնություն է ստանում օտար երկրներից՝ այդ թվում ԱՄՆ-ից։
ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնատարներից մեկն ասում է, թե կենսապայմանները Փհենյանում ավելի բարվոք են, քան շրջաններում։