Մատչելի հղումներ

Հանցագործ ճանապարհով ձեռք բերված ադամանդներ - 2005-05-12


Ադամանդների հմայքի եւ գրավչության ետեւում թաքնված է այդ թանկարժեք քարերը հանցագործ ճանապարհով ձեռք բերված լինելու իրական պատմությունը։

Սիերա Լեոնեն պայքարում է տասնամյա քաղաքացիական պատերազմից վերահառնելու համար։ Հակամարտության ընթացքում ապստամբներն իրենց ձեռքն էին վերցրել ադամանդի հանքերի վերահսկողությունը։ Ադամանդների վաճառքից ստացված գումարներն ապստամբներն օգտագործում էին զենքեր գնելու համար։ Ադամանդի գնորդները թերեւս չէին գիտակցում, որ դրանց վաճառքից ստացված գումարը ծախսվում է պատերազմ մղելու համար։

Սիերա Լեոնեն ադամանդների գաղտնի առեւտրով զբաղվող միակ երկիրը չէր։ Անգոլայից եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից արտահանվող ադամանդների վաճառքից ստացված գումարները եւս ծախսվում էին Աֆրիկայի այլ երկրներում պատերազմներ ֆինանսավորելու համար։

Այսօր արեւելյան Սիերա Լեոնեի Կոնո տեղանքում բերրի հողերը պարապուրդի են մատնված։ Հողագործները լքել են դաշտերը եւ զբաղվում են ադամանդի որոնման աշխատանքներով։ Նախկին ապստամբներն աշխատում են քաղաքացիական բնակչության հետ կողք-կողքի։ Բոլորը հարստանալու հույս ունեն։

Ներկայումս Սիերա Լեոնեում բոլոր ադամանդները պետք է անցնեն կառավարության ադամանդների գրասենյակով եւ պետք է հարկման ենթարկվեն։ Գրասենյակի ղեկավար Լորենս Մայերսն հայտնել է, թե երբեմն կարելի է հանդիպել սքանչելի ադամանդի։

Պարոն Մայերսը նշել է. "Նման ադամանդի գինը կկազմի մեկ միլիոնից մինչեւ մեկ ու կես միլիոն դոլար"։

Արտահանման դեպքում նման ադամանդի հարկը կկազմի 30 հազար դոլար։ Սակայն Սիերա Լեոնեի ադամանդավաճառներից շատերը հարկեր վճարելու փոխարեն ադամանդները մաքսանենգ ճանապարհով դուրս են բերում երկրից։

Փորձագետ Ալեքս Յըրսլին ասել է. "Ադամանդի արդյունաբերությունը մաքսանենգության համար բարենպաստ ամենակատարյալ բիզնեսն է։ Այդ երկուսը կարծես ստեղծված լինեն մեկը մյուսի համար։ Ադամանդն ունի փոքր չափեր, դյուրին է դրա տեղափոխելը եւ ունի հսկայական արժեք"։

Քաղաքացիական պատերազմը մի ժամանակ ֆինանսավորած անձինք դեռեւս գործում են։ Սակայն, երբ քարերը հասնեն Բելգիայի Անտվերպեն քաղաքի ադամանդի կենտրոն դժվար է տարբերակելը, թե դրանք հանցագործ թե՞ օրինական ճանապարհով առաքված ադամանդներ են։

XS
SM
MD
LG