Աշխարհի երկրները մայիսի ութին պատրաստվում են նշելու Երկրորդ Համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի վաթսունամյակը։
Վաթսուն տարի է անցել Եւրոպայում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից։ Պրոֆեսոր Ջոզեֆ Մըկքարտինը Ջորջթաունի համալսարանից է։
՚՚Քիչ հավանական է, որ աշխարհը երբեւէ կտեսնի դրա նման պատերազմ, որին մասնակցում էր երկրների մեծամասնությունը՚՚։
՚՚Մարդկանց թվաքանակով դա խոշորագույն պատերազմն էր…՚՚։
Ռոնալդ Սփեքթըրը պատմության պրոֆեսոր է Ջորջ Վաշինգտոնի համալսարանում։ Նա ասում է, թե պատերազմի ընթացքում զոհվել է հիսուն միլիոն մարդ։ Նրա կարծիքով պատերազմի գլխավոր պատճառներից մեկը տնտեսական համատարած ծանր կացությունն էր։
՚՚Երեսնական թվականների սկզբին Մեծ ճգնաժամը ծայրահեղականներին հնարավորություն տվեց իշխանության անցնելու՚՚։
Իսկ ծայրահեղականները չերկմտեցին հարձակվելու այլ երկրների վրա։ Գերմանիան եւ Ճապոնիան վիթխարի տարածքներ գրավեցին։ Իսկ երբ Ճապոնիան 1941 թվականին հարձակվեց Փըրլ Հարբորի վրա, պատերազմի մեջ մտավ նաեւ Միացյալ Նահանգները։ Զանգվածային ռմբակոծման հետեւանքով զոհվեց մեծ թվով քաղաքացիական բնակչություն։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները սպանեցին վեց միլիոն եւրոպացի հրեաների, որը հայտնի դարձավ Ողջակիզում անվամբ։
՚՚Պատմաբանների մեծամասնութան կարծիքով, Ողջակիզումը համարվում է աշխարհում անմեղ մարդկանց կոտորելու վատթարագույն եւ կարեւորագույն իրադարձությունը՚՚։
Պատերազմի ավարտին Միացյալ Նահանգներն ատոմային երկու ռումբ նետեց Ճապոնիայի երկու քաղաքների վրա։ Դա այնքան երկյուղալի չափերի իրադարձություն էր, որ կանխեց հետագա պատերազմները։ Ռումբը ցույց տվեց զանգվածային ոչնչացման զենքի ուժը…որը որոշ չափով թերեւս հանգեցրեց կեսդարյա խաղաղության առնվազն գերտերությունների միջեւ՚՚։
Պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահանգներն առաջարկեց Մարշալի ծրագիրը, Եւրոպայի վերակառուցումը ֆինանսավորելու համար։
՚՚Դա չափազանց հեռատես քայլ էր, որը, կարելի է ասել, բխում էր Միացյալ Նահանգների շահերից՚՚։
Պատերազմը փոխեց աշխարհը, ուր այսօր ապրում ենք։ Օրինակ, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը՝ Իսրայելի ստեղծմամբ։
՚՚Ողջակիզումից հետո էր, որ միջազգային համայնքն ըմբռնեց հրեական պետություն ստեղծելու կարեւորությունը՚՚։
՚՚Կորեայի մասնատումը տեղի ունեցավ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո, որը նույնպես պատերազմի ժառանգություններից է…՚՚։
Սակայն Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժառանգություններից մեկը, Խորհրդային կայսրությունը, մահացավ։
՚՚Պատերազմն, օրինակ, վերջ տվեց իմպերիալիզմի եւ կայսրության գաղափարին։ Այն ընձեռել է նոր հնարավորություն եւ աշխարհն այժմ սկսել է նոր ձեւ ստանալ՚՚։