Մատչելի հղումներ

Ֆլորիդայի նահանգի վիճահարույց նոր օրենքը - 2005-05-03


ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի բնակիչներին շնորհվել է ինքնապաշտպանության համար զենք կիրառելու ավելի մեծ արտոնություն։

Ֆլորիդայի վիճահարույց օրենքի համաձայն, զենք կրելու իրավունք ունեցող անձը կարող է սպանել որեւէ մեկին, եթե նրա կողմից իրեն վտանգված զգա հասարակական վայրում։ Հրազենների մասին օրենքն ընդունվեց նահանգի օրենսդրական մարմնի կողմից։ Այս մասին Միացյալ Նահանգների Հրազենների համերկրային միության փոխնախագահ Վեյն Լապիերն ասում է.

՚՚Կարծում եմ այս օրենքն ընդունվելու է երկրով մեկ, քանի որ մարդիկ ցանկանում են պաշտպանել իրենց՚՚։

Հրազենների մասին օրենքն ընդլայնում է իրենց տան սահմաններից անդին՝ փողոցում, աշխատանքի վայրում կամ ավտոմեքենայի մեջ զենք օգտագործելու Ֆլորիդայի բնակիչների իրավունքները։ Զենք կրելու իրավունք ունեցող Սթիվ Ֆելթասն ասում է.

՚՚Այս օրենքը հնարավորություն է տալիս ինքնապաշտպանության դիմելու, եթե զգամ կյանքս վտանգի մեջ է՚։

Նոր օրենքի համաձայն, իրեն վտանգված զգալու դեպքում Ֆլորիդայի ցանկացած բնակիչ իրավունք ունի ուժին-ուժով պատասխանալու։ Սակայն հրազենային բռնարարքներին ընդդիմացող կազմակերպություններից մեկի անդամ Արթուր Հեյհո-ն ասում է, թե հրազենների մասին օրենքը չափազանց հեռուն է գնում։

՚՚Երբ զենքի տերերին քաջալերում ենք, ապա դա պետք է անենք զգուշորեն։ Սա զգույշ օրենք չէ՚։

Քաղաքային մի քանի ոստիկանապետեր քննադատել են Ֆլորիդայի օրենքը, սակայն ոստիկանների 236 հազար անդամ հաշվող կազմակերպությունն աջակցել է նոր օրենքին։ Ոստիկանական կազմակերպությունների ազգային միության գործադիր ղեկավար Բիլ Ջոնսոնն այս մասին ասում է.

՚՚Սովորաբար, եթե որեւէ անձ մահացու զենք է օգտագործում իրեն, կամ իր տունը պաշտպանելու համար, այդ գործողությունը կարող է քննվել տվյալ նահանգի մեկ այլ մասում, գանգատարկման այլ դատարանում։ Նահանգի համար մեկ ընդհանուր օրենք ընդունելով օրենսդիր մարմինը նահանգի բոլոր քաղաքացիների եւ այնտեղ այցելող հյուրերի համար երաշխավորել է ապօրինի հարձակումից պաշտպանվելու հնարավորություն՚՚։

Օրենքի այլ կողմնակիցներ ասում են, թե նոր օրենքը ոչ միայն կզսպի բռնարարքային հանցագործությունը, այլեւ քաղաքացիներին կդարձնի ավելի անվտանգ։ Սակայն այլ անձինք երկյուղում են, որ զենք կրելու արտոնություն ունեցող անձինք թերեւս իրենց անպատիժ կզգան եւ վիճաբանությունների ժամանակ զենք կօգտագործեն։ Ֆլորիդացի օրենսդիր Քեն Գոթլիբն ասել է.

՚՚Կլինեն ծեծկռտոցներ, որոգայթներ, եւ զարհուրելի միջոց կլինի հարցերը նման ձեւով լուծել քաղաքակիրթ հասարակությունում՚՚։

Չնայած զենքի վաճառքը վերահսկող խմբերի ընդդիմությանը, Հրազենների համերկրային միությունը հայտնել է, թե նման օրենքի հետամտելու է բոլոր նահանգներում։

XS
SM
MD
LG