Մատչելի հղումներ

Ջրծաղիկի կանխարգելման եւ բուժման նոր եղանակները  - 2005-05-03


Ջրծաղիկ հիվանդությունն ուղեկցվում է տենդով, դյուրագրգռությամբ, անընդմեջ քորով եւ նույնիսկ հիվանդությանը հաջորդող ու կյանքին վտանգ սպառնացող հետեւանքներով։ Սակայն ներկայումս կարելի է խուսափել այս ամենից։

Ջրծաղիկը խիստ վարակիչ հիվանդություն է եւ մարդկանց մեծ մասը դրանով հիվանդանում է մինչեւ 15 տարեկան հասակը։

Մանկաբույժ, դոկտոր Ալան Լեւինը պարզաբանել է. "Այն առաջանում է վարակահարուցիչ մանրէի միջոցով։ Ջրծաղիկը խիստ վարակիչ հիվանդություն է եւ տարածվում է հատկապես ուշ ձմռանն ու վաղ գարնանը 5-ից 10-ը տարեկանների շրջանում։ Մեկ անձից մյուսին հիվանդությունը փոխանցվում է կաթիլային ճանապարհով։ Սովորաբար այն սկսվում է ոչ բարձր ջերմությամբ, թուլությամբ, որից հետո հիվանդի մաշկի վրա անակնկալորեն հայտնվում են կարմիր բշտիկներ, որոնք առաջացնում են անասելի քոր"։

Մի ժամանակ ջրծաղիկն ամենատարածված մանկական հիվանդություններից էր եւ տարեկան գրանցվում էր հիվանդության 4 միլիոն դեպք։ Սակայն այս ցուցանիշը սկսեց նվազել, երբ 1995 թվականին կիրառվեց մի նոր պատվաստանյութ։ Սա լավ լուր է բազմաթիվ անձանց համար, ովքեր պատվաստանյութի շնորհիվ հավանաբար կխուսափեն ջրծաղիկի հետեւանքով առաջացող քորից, տենդից եւ թուլությունից։ Ջրծաղիկի նկատմամբ իմունիտետ չունեցող անձինք կարող են հիվանդությամբ վարակվել ավելի մեծ տարիքում եւ այդ դեպքում հիվանդությունն առավել վտանգավոր է։

Դոկտոր Լեւինն ավելացրել է. "Մանկական տարիներին ջրծաղիկով չհիվանդացած անձինք չափազանց հակված են դրանով վարակվելու մեծ տարիքում։ 12-ից բարձր տարիքում ջրծաղիկով վարակվելու դեպքում հիվանդության հետեւանքները կլինեն 10-ից 20 անգամ ավելի խիստ։ Արդյունքում հիվանդը թերեւս ձեռք կբերի թոքաբորբ, ուղեղապատակի բորբոքում, դեղնախտ, լյարդի բորբոքում"։

Այդ իսկ պատճառով կարեւոր է, որպեսզի առողջապահության բնագավառի աշխատողները հատկապես 7-ից 12 տարեկան երեխաների ծնողներին նշեն ջրծաղիկի դեմ պատվաստման անհրաժեշտությունը։

Ջրծաղիկով հիվանդ երեխաներին հատկապես անհանգստացնում է քորը, սակայն նախապես անհնար է կանխագուշակելը, թե ով է կանգնած հիվանդությանը հաջորդող բարդ հետեւանքների վտանգի առջեւ։ Բարեբախտաբար, ներկայումս ծնողներն ի վիճակի են խուսափելու այդ վտանգից։

XS
SM
MD
LG