Մատչելի հղումներ

Աչքի բիբի ապասերումը կանխելու նոր եղանակների մասին  - 2005-05-02


Տարեց ամերիկացիների շրջանում տեսողության կորստի գլխավոր պատճառը տարիքի հետ կապված, աչքի ցանցաթաղանթի կենտրոնում գտնվող բիբի փոփոխությունն ու վնասվելն է։ Աչքի բիբը թույլ է տալիս հայացքը կենտրոնացնելու առջեւում գտնվող առարկաների վրա։ Այսպիսով, երբ այն վնասվում է, ապա տեսողությունը կրճատվում կամ ամբողջապես վերանում է։

Աչքի բիբի վնասվածքից կամ փոփոխությունից տառապող անձինք դժվարանում են աշխատել, ճամփորդել եւ առօրյա գործունեությամբ զբաղվել։ Կան աչքի բիբի ապասերման չոր եւ խոնավ տեսակներ։ Աչքի բիբի ապասերման չոր տեսակով տառապողների տեսողությունը մթագնում է ժամանակի ընթացքում։ Իսկ բիբի ապասերման խոնավ տեսակը հիվանդությամբ տառապողների 90 տոկոսի շրջանում ի վերջո հանգեցնում է կուրության։

Սովորաբար հիվանդության առաջին նախանշանն է, երբ ուղիղ գծերը սկսում են երեւալ ալիքաձեւ ու կոր։ Հիվանդությունը ձեռք բերելու խնդրում ամենաշատը վտանգված են 55-ից բարձր տարիքի անձինք, կանայք, ծխողները, շաքարախտով տառապող հիվանդները, բաց գույնի աչքերով մարդիկ։

Բժիշկ Քարմեն Փուաֆիտոն հայտնել է. "Ակնաբույժի կողմից հիվանդները կարող են ենթարկվել օֆթալմոսկոպիայի։ Աչքի բիբը լայնացվում է, որից հետո ակնաբույժները խոշորացույցի միջոցով զննում են աչքի ցանցաթաղանթը, որի արդյունքում պարզվում է, թե արդյո՞ք հիվանդի մոտ առկա են աչքի բիբի ապասերման վաղ ախտանշաններ"։

Դժբախտաբար, ներկայումս չկա հայտնի բուժում, որը կկանխի աչքի բիբի ապասերման խորացումը։ Սովորաբար, վնասվելու դեպքում՝ գործընթացն անդառնալի է։ Այնուամենայնիվ, վերջերս անցկացված բժշկական մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թերեւս հնարավոր լինի դանդաղացնել հիվանդության զարգացումը։

Դոկտոր Փուաֆիտոն ավելացրել է. "Վիտամիններ գործածելը կարող է կտրուկ ձեւով նվազեցնել աչքի բիբի ապասերման խորացումը։ Այդպիսով, հիվանդներին խորհուրդ է տրվում ամեն օր գործածել բեթա կարոտինի, վիտամին "Ցե"-ի, վիտամին "Ի"-ի, ցինկի եւ պղնձի համակցությամբ հատուկ վիտամիններ"։

Չնայած աչքի բիբի ապասերումը բուժման ենթակա չէ, սակայն հիվանդության վաղ փուլերում հայտնաբերումը եւ վիտամիններ գործածելը թերեւս ավելի երկար պահպանեն տեսողությունը։

XS
SM
MD
LG