Մատչելի հղումներ

Իրաքը կունենա նոր կառավարություն - 2005-04-28


Իրաքի վարչապետը երկրի նոր կառավարության անդամների ցանկը ներկայացրել է նախագահական խորհրդին։

Իրաքի նոր վարչապետը, Իբրահիմ ալ-Ջաֆարին ասել է, թե երկրի նոր կառավարության անդամների ցանկը հանձնել է նախագահական խորհրդին։ Ակնկալվում է, որ նախագահ Ջալալ Թալաբանին կհաստատի առաջարկը։ Պարոն Ալ-Ջաֆարին չի նշել իր ցանկում ընդգրկած որեւէ պաշտոնատարի անունը, սակայն ակնկալվում է, որ նոր կառավարության կազմում կլինեն ներկայացուցիչներ Իրաքի շիա, սուննի, քրդական ու քրիստոնեական համայնքներից։

Իրաքցիները հիասթափվել են երեք ամիս նախարարական թեկնածուների շուրջ շարունակվող բանավեճից։ Միացյալ Նահանգների պաշտոնատարները մեղադրել են, որ քաղաքական փակուղու հետեւանքով բռնարարքները վերսկսվել են Իրաքում։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը Սենատի ունկնդրություններից մեկի ժամանակ վիճարկել է անվտանգությունն ապահովելու նպատակով Իրաքում բավարար թվով զինվորներ չունենալու մեղադրանքը։

՚՚Որքան ավելի մեծ թվով զինվորներ ունենանք, այնքան ավելի ե՛ւս կհամարվենք զավթող երկիր ու թիկունքային ծառայությունների ավելի մեծ կարիք կզգանք…։

ԱՄՆ-ի բանակի բոլոր զորատեսակների պետերի նախագահ Ռիչարդ Մայերսը նույնպես ասել է, որ իրաքցիները դարձել են ավելի ինքնուրույն։

՚՚Իրաքցիները չափազանց հպարտ են զգում իրենց նոր կառավարության եւ իրենց ապագայի տերը դառնալով։ Նոր կառավարություն կազմելը դյուրին չէ, սակայն անհրաժեշտ է շարունակել գործընթացը …՚՚։

Գեներալ Մայերսն ասում է, թե Իրաքում քաղաքական գործընթացն արագացնելը ապստամբների դեմ պայքարելու լավագույն միջոցն է։

XS
SM
MD
LG