Մատչելի հղումներ

Նախագահ Ջորջ Բուշն առաջարկում է... - 2005-04-28


Նախագահ Բուշը նախատեսում է երկրի վառելանյութերի եւ էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարել նավթազտիչ գործարաններ եւ ատոմակայաններ կառուցելու միջոցով։ Վառելանյութերի եւ էլեկտրաէներգիայի խնդրի շուրջ վերջին շաբաթում ունեցած իր երկրորդ ելույթում նախագահ Բուշն ասաց հետեւյալը.

՚՚Օտար երկրների վառելանյութերից մեր կախվածությունը նման է ամերիկյան ժողովրդին հարկադրված օտարերկրյա եկամտահարկի։ Սա եկամտահարկ է, որը մեր ժողովուրդն ամեն օր վճարում է բենզինի, տունը տաքացնելու ու զովացնելու համար ավելի բարձր գին վճարելով…՚՚։

Նախագահ Բուշը դիմակայում է հարաճուն քննադատություն բենզինի գնի հետեւանքով, որն անցած մի քանի շաբաթում հասել է մրցանիշային մակարդակի, ու նաեւ խիստ նվազել է սպառողների վստահությունը։ Վառելանյութերի խնդրի շուրջ պարոն Բուշի առաջարկը նավթարդյունահանող ընկերություններին խրախուսում է կառուցելու հավելյալ թվով նավթազտիչ գործարաններ Միացյալ Նահանգների ռազմական գաղտնի հենակայանների տարածքում։ Սակայն Կատոի ինստիտուտի բնական հարստությունների ուսումնասիրման բաժնի տնօրեն Ջերի Թեյլորն ասում է, թե առաջարկը նպատակին չի ծառայում։

՚՚Երբ ասում են, որ Միացյալ Նահանգներում նավթազտիչ նոր գործարաններ չեն կառուցվել 1976 թվականից ի վեր, դա ճիշտ է։ Սակայն նրանք ավելացրել են արտադրական հզորությունը, որը նորերը կառուցելու համեմատությամբ ավելի էժան է՚՚։

Նախագահ Բուշը նաեւ առաջարկում է կառուցել նոր ատոմակայաններ ու եկամտահարկերից մասամբ ազատել հիբրիդ եւ բջջային վառելանյութով աշխատող ավտոմեքենաներ գնող սպառողներին։ Նա նաեւ կոչ արեց ստեղծել վառելիքի այլընտրանքային միջոցներ։

՚՚Դրան հասնելու միջոցը տեխնոլոգիան է, սա օտար երկրներից էներգիայի ավելի մեծ անկախություն ձեռք բերելու միջոց է՚՚։

Նախագահը Միացյալ Նահանգների օրենսդիրներին կոչ արեց հաջորդ մի քանի ամսում հաստատել վառելանյութերի ու էլեկտրաէներգիայի մասին մի օրինագիծ։ Շրջակա միջավայրի պաշտպանության նկատառումներից ելնելով Դոմոկրատներն ընդդիմանում են նավթի հորատման աշխատանքներին Ալյասկայի որոշակի շրջաններում։

Պարոն Թեյլորն ասում է, թե երկու կողմերն էլ սխալ են։

՚՚Երկու կողմերի փաստարկների հիմքն այն է, որ պետք է դրամական նպաստ հատկացնել էներգիա արտադրող ընկերություններին։ Ինչու՞։ Այժմ, երբ վառելանյութերի եւ էլեկտրաէներգիայի գներն այսքան բարձր են, չպետք է դրամական նպաստ հատկացնենք ընկերություններին…՚՚։

Սպիտակ Տունը համաձայն է, որ նույնիսկ նախագահ Բուշի բոլոր առաջարկներն իրագործվելու դեպքում դրանք կարճ ժամանակում չեն լուծի բենզինի բարձր գների խնդիրը։

XS
SM
MD
LG