Ամուսանական մի զույգի բեղմնավորված ձվաբջիջն իր արգանդում կրած Թերեսա Անդերսոնն Արիզոնայի նահանգի հիվանդանոցներից մեկում երեքշաբթի օրը ծննդաբերել է հինգ երեխա։
Սա երջանիկ պահ է Թերեսա Անդերսոնի համար։
Հինգ երեխաները ծնվեցին Կեսարյան հատմամբ Թերեսայի հղիության 33-րդ շաբաթի ընթացքում՝ ծրագրվածից մեկ շաբաթ շուտ։ Բժիշկները մտահոգված էին, քանի որ Թերեսայի արյան ճնշումը բարձր էր եւ հղիությունն ուղեկցվում էր այլ բարդություններով։
Դոկտոր Ջոն Էլիոթը հայտնել է. "Վիրաբուժական տեսանկյունից ծննդաբերությունն ընթացավ չափազանց լավ եւ հնարավոր չէր ավելին անել"։
Հինգ երեխաներից յուրաքանչյուրը կշռում է մեկ ու կեսից մինչեւ մեկ կիլոգրամ 7 հարյուր գրամ։ Ծննդաբերությունից հետո բժիշկներն ակնկալվածին հակառակ լավ լուր ունեին։ Նրանք նախատեսում էին ծննդաբերությունից անմիջապես հետո վիրահատել եղբայրներից ամենակրտսերի՝ Հավիերի սիրտը։ Հիվանդանոցի խոսնակներից մեկն ասել է, թե Հավիերի ինքնազգացողությունն ակնկալվածից լավ է եւ նախքան վիրահատությունը բժիշկները կսպասեն մի քանի օր։
Երեխաների ծնողներին՝ Լուիսա Գոնզալեսին եւ Էնրիքե Մորենոյին, Թերեսա Անդերսոնը հանդիպել է ինտերնետային կայքերից մեկում տեղադրված իր հայտարարության շնորհիվ։ Մեկ տասնամյակից ավելին է, ինչ ամուսնական զույգին չէր հաջողվում երեխաներ ունենալ։
Նախապես, 15 հազար դոլար գումարի դիմաց Թերեսան համաձայնեց արգանդում կրել ամուսնական զույգի բեղմնավորված ձվաբջիջը։ Սակայն տեղեկանալով, որ պատրաստվում է ծննդաբերելու 5 երեխա հրաժարվեց ամուսնական զույգից վերցնելու այդ գումարը։
Ծննդաբերությունից հետո Լուիսա Գոնզալեսն ու Էնրիքե Մորենոն արտահայտեցին իրենց հրճվանքը։
Լուիսան ասել է ."Երբ տեսա առաջին երեխայիս սկսեցի արտասվել։ Այս պահին սպասել եմ երկար ժամանակ"։
Իսկ Էնրիքեն նշել է. "Այս պահին սպասում էինք 13 տարի։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացումներ ունեի, երբ ծնվեց առաջին երեխան։ Ապշեցուցիչ է"։
Ակնկալվում է, որ Հավիերից բացի, նորածինները հիվանդանոցից դուրս կգրվեն մոտավորապես երեք շաբաթից։