Մատչելի հղումներ

Ալզայմըրի հիվանդության խորացումը դանդաղեցնող մի նոր դեղամիջոց  - 2005-04-22


Մինչ Ալզայմըրի հիվանդությունը բուժում չունի, մի նոր դեղամիջոց դանդաղեցնում է հիվանդության խորացումը հիշողության թույլ կորստի նշաններ ունեցող անձանց շրջանում։

74-ամյա Ֆրանսիս Ռիչմոնդը տառապում է հիշողության թույլ կորստից։

Ֆրանսիսը նշլե է. "Սարսափելի է մոռանալը, թե ուր ես դրել իրերը կամ մարդկանց անունները չմտապահելը"։

Բրաունի համալսարանի բժշկական բաժնից դոկտոր Սթիվըն Սալովեյը պարզաբանել է. "Դա մի կացություն է, երբ անձը մոռանում է լրագրում կարդացածը, դիտած կինոնկարի մանրամասները, հեռախոսային ուղերձը"։

Հիշողության կորստի նման ախտանշաններով տառապող հիվանդների մեծամասնության շրջանում մի քանի տարվա ընթացքում զարգանում է լիակատար Ալզայմըրի հիվանդություն։

Սակայն "Արիցեպտ" անվամբ նոր դեղամիջոցն օգնում է դանդաղեցնելու հիվանդության խորացումը։ Այն նպաստում է, որպեսզի ուղեղի նյարդերի բջիջներն ավելի լավ հաղորդակցվեն միմյանց հետ։

Մայոյի հիվանդանոցից դոկտոր Ռոնալդ Փիթըրսենն ասել է. "Առաջին անգամ ականատես ենք լինում, որ որեւէ դեղամիջոց դանդաղեցնում է Ալզայմըրի հիվանդության առաջանալը։ Նոր դեղամիջոցը հիվանդներին հնարավորություն է տալիս համեմատաբար կայուն վիճակում պահպանելու կարդալու, գրելու, հաշվումներ կատարելու ունակությունները"։

Որոշ դեպքերում, "Արիցեպտ" դեղամիջոցը գործածող հիվանդները կայուն վիճակում են մնում մինչեւ 3 տարի։ Հետազոտողներն ասում են, թե Ալզայմըրի հիվանդության զարգացումը որոշ ժամանակով կանխելու ներկայիս հնարավորությունից օգտվելու նպատակով, հավանաբար ավելի մեծ թվով ամերիկացիներ բժշկական քննության կենթարկվեն հիշողության կորստի առաջին նշանների դեպքում։

XS
SM
MD
LG