Մատչելի հղումներ

Միջազգային համայնքը  մտահոգ է Հյուսիսային Կորեայի առնչությամբ ... - 2005-04-21


Առկա է երկյուղ, որ Հյուսիսային Կորեան թերեւս պատրաստվում է վերամշակել հավելյալ քանակության միջուկային նյութ։

Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները հաստատում են, որ Հյուսիսային Կորեայի Յոնգբիոնի ատոմակայանի գլխավոր ռեակտորի աշխատանքը դադարացվել է։ Առկա է երկյուղ, որ Հյուսիսային Կորեան ավարտել է միջուկային զենք ստանալու նպատակով ծախսված պլուտոնիումի խարամաձողերի վերամշակումը։

Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության խոսնակ Ռիչըրդ Բաուչերն անցնող երկուշաբթի ասել է, թե միջուկային խնդրի շուրջ մի խաղաղ լուծման հասնելու համար Հյուսիսային Կորեան պետք է վերադառնա 2002 թվականի վերջերին սկսված վեցակողմ բանակցություններին։

՚՚… խնդիրը լուծելու համար Հյուսիսային Կորեան կարծում եմ պետք է վերստին բանակցություններ սկսի։ Ռեակտորներն աշխատացնելը կամ չաշխատացնելը, խարամաձողերը մշակելը կամ չմշակելը Հյուսիսային Կորեային չի օգնի լուծելու իր խնդիրը եւ այդ երկրին չի ընձեռի իր փափագած հարգանքը կամ օգնությունը։ Այսպիսով, չեմ կարող ասել թե ներկայումս ինչ է տեղի ունենում Հյուսիսային Կորեայում, սակայն կարող եմ ասել, որ մենք ուշի-ուշով հետեւում ենք Յոնգբիոնում տեղի ունեցող զարգացումներին՚՚։

Յոնգբիոնում առկա է հինգ մեգավատանոց ռեակտոր, ուր հավաքվում են պլուտոնիում պարունակող ծախսված վառելանյութի ձողերը։ Պլուտոնիումն անջատելու համար անհրաժեշտ է վերամշակել խարամաձողերը։ Դա անելու համար պետք է դադարացնել ռեակտորի աշխատանքը։

Վերջերս Հյուսիսային Կորեա այցելած մի ամերիկացի գիտնական այս ամսի սկզբներին ասել է, թե այդ երկրի պաշտոնատարները պատրաստ չեն վերադառնալու բանակցությունների սեղանին, մինչեւ Միացյալ Նահանգները ներողություն խնդրի Հյուսիսային Կորեային ՚՚բռնակալության առաջապոստ՚՚ անվանելու համար։ Նման հայտարարություն արել է Քոնդոլիզա Ռայսը, հունվար ամսին իր պաշտոնին հաստատվելու Կոնգրեսական ունկնդրության ժամանակ։ Այս մասին Միջազգային քաղաքականության կենտրոնի աշխատակից Սելիգ Հարիսընն ասում է.

՚՚Վերջին շաբաթներին Փհենյանում առկա է քաղաքականության լուրջ փոփոխություն։ Բանակը հարաճունորեն հաստատում է միջուկային զենքի քաղաքականության վրա իր վերահսկողությունը։ Մենք կորցրել ենք այդ տարածաշրջանն աստիճանաբար միջուկազերծ գոտի դարձնելու նախորդ տարիներին մեր ունեցած հնարավորությունը, որին ընդդիմացավ Բուշի վարչակազմը՚՚։

Միացյալ Նահանգների պաշտոնատարներն ասում են, թե լավատեսորեն են տրամադրված, որ Հյուսիսային Կորեայի նախապայմանները չընդունելով հանդերձ՝ դեռեւս հնարավոր է հանգել մի խաղաղ, դիվանագիտական լուծման։

XS
SM
MD
LG