Մատչելի հղումներ

Անքնության ախտանշանները պատանիների շրջանում - 2005-04-21


Հետազոտողներն ասում են, թե պատանիներին օրական անհրաժեշտ է 9 ժամից ավելի քուն։ Սակայն ամերիկացի դպրոցականների մեծ մասը քնում է միայն 7 ժամ։

Մերի Քարսքեյդընը քնի առնչությամբ հետազոտություններ է անցկացնում Ռոդ Այլընդի նահանգի Փրովիդընս քաղաքի Բրաունի համալսարանում։ Նա հայտնել է, թե սեռական հասունության ընթացքում կենսաբանական փոփոխություններն ազդում են դեռահասների քնելու եւ արթնանալու ներքին համակարգի վրա։ Քուն առաջ բերող մելատոնին հորմոնը պատանիների շրջանում արտադրվում է ժամեր ավելի ուշ, քան երբ մանուկ էին։ Դրա հետեւանքով պատանիների մեծ մասը քնում է երեկոյան 11-ից հետո։ Սակայն դպրոց հաճախելու համար անհրաժեշտ է արթնանալ առավոտյան 7-ն անց 30-ին կամ ավելի վաղ։ Մերի Քարսքեյդընն ասել է, թե պատանիների անբավարար քունն աստիճանաբար կուտակվելով արգելակում է նրանց գործողությունները եւ ազդում է տրամադրության վրա։

Մերի Քարսքեյդընը նշել է."Բազմաթիվ պատանիներ դեղեր են ընդունում հոգեկան ճնշվածության դեմ։ Սակայն դա թերեւս ոչ թե հոգեկան ճնշվածություն է, այլ պարզապես անբավարար քունը"։

Առավոտյան ժամերին աշակերտներին ավելի երկար քնելու հնարավորություն ընձեռելու նպատակով որոշ դպրոցներում դասերը սկսվում են ավելի ուշ։ Մինեապոլիսի միջնակարգ դպրոցների ավարտական դասարաններում դասերն առավոտյան 7-ն անց 15-ի փոխարեն սկսվում են 8-ն անց 30-ին։ Ավելի շատ ժամեր քնելու հետեւանքով դպրոցականների շրջանում նվազել է հոգեկան ճնշվածության դեպքերը եւ բարելավվել է դպրոց հաճախելը։

Քայլա Վալսթրոմը կրթության հարցերով փորձագետ է Մինեսոտայի համալսարանում։ Նա հայտնել է. "Դրա ազդեցությունը չափազանց զգալի է։ Դպրոցականների ծնողներն ասում են, որ իրենց երեխաների հետ շփվելն ավելի է դյուրացել եւ բարելավվել է նրանց ուսման որակը"։

Փորձագետներն ասում են, որ քնի անբավարարությամբ տառապում են ոչ միայն պատանիները, այլեւ բազմաթիվ չափահասներ։

Հելին Էմսելեմը Մերիլենդի նահանգի Չեվի Չեյսի Քնի եւ արթնանալու խանգարումների կենտրոնի ղեկավարն է։ Նա նշել է. "Կարեւորագույն բաներից մեկն առօրյա լարվածությունից, ճաշելուց, երեխաների մասին հոգ տանելուց հետո մի փոքր ժամանակ ինքներս մեզ տրամադրելն է"։

Հետազոտողներն ասում են, թե գնալով կարեւորվում է քնելու դժվարություն ունենալու, իսկ քնելուց հետո հաճախակի արթնանալու խնդիրները բժշկի հետ քննարկելու անհրաժեշտությունը։

XS
SM
MD
LG