Մատչելի հղումներ

Գրիպի մանրէի մահացու վտանգն արդյո՞ք վերացել է ամբողջովին...  - 2005-04-20


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, թե աշխարհի 18 երկրների ուղարկված գրիպի մահացու մանրէով սրվակների երկու երրորդը ոչնչացվել է։

Աշխարհի 18 երկրների ՚՚Էյչ-2-Էն-2՚՚ կոչվող մահացու մանրէով սրվակներ ուղարկվելու մասին լուրը հարուցեց թերեւս գրիպի համաճարակ սկսվելու մասին երկյուղներ։ Մանրէն 1957 թվականին հարուցել է Ասիական գրիպի համաճարակը, որի հետեւանքով զոհվել են մեկից չորս միլիոն անձինք։ Ցինցինատիի ընկերություններից մեկը մանրէով սրվակները փորձերի նպատակով որպես նմուշ ուղարկել է տարբեր երկրների։

Սակայն մանրէի խիստ վտանգավոր լինելու փաստն աննկատ մնաց մինչեւ մարտի քսանվեցը, երբ կանադական փորձակայաններից մեկը պարզեց, որ այդ մահացու մանրէն 1968 թվականից ի վեր չի նկատվել մարդկանց շրջանում։ Աշխարհի փորձակայաններին անմիջապես հրահանգվեց ոչնչացնել ստացած նմուշները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատակից Կլաուս Սթոհրն ասել է, թե տասնութ երկրներից տասը մանրէով սրվակները ոչնչացրել են մինչեւ անցած ուրբաթ օրը։

՚՚Առողջապահության նախարարություններին խնդրել ենք ստուգել, որպեսզի այդ բոլորն ամբողջովին ոչնչացվեն՚՚։

Սակայն կազմակերպությունը հետաքննում է նմուշների անհետացման գործը, որոնք պետք է ուղարկվեին Մեքսիկա եւ Լիբանան։ Մանրէի վերջին նմուշներն ուղարկվել են փետրվարին։ Դոկտոր Սթոհրն ասում է, թե նաեւ հնարավոր է, որ Մեքսիկայի ու Լիբանանի համար նախատեսված սրվակները երբեք չեն ուղարկվել։

Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման կենտրոնը մանրէն դասակարգել է որպես ՚՚երկրորդ կարգի՚՚, այսինքն ոչ վտանգավոր։ Սակայն պաշտոնատարներն ասում են, որ մանրէով սրվակները տարբեր երկրներ ուղարկվելուց հետո Հիվանդությունների վերահսկման կենտրոնը խորհում էր փոխել դասակարգումը։

Կենտրոնի աշխատակից դոկտոր Ջուլի Գերբերդինգն ասում է.

՚՚Ապագայում խորհուրդ կտանք ավելի մեծ զգուշություն հանդես բերել գրիպի նոր մանրէի դեպքում՚՚։

Փորձագետներն ասում են, թե գրիպի մեկ այլ համաճարակի հավանականությունն աննշան է, սակայն նույնիսկ մեկ անձի վարակվելու դեպքում հիվանդությունն արագորեն կտարածվի։

XS
SM
MD
LG