Մատչելի հղումներ

Ճարտարապետության բնագավառի 2005 թվականի Փրիթզկերի մրցանակը  - 2005-04-19


Ճարտարապետության բնագավառի այս տարվա Փրիթզկերի մրցանակը շնորհվել է ամերիկացի ճարտարապետ Թոմ Մեյնին։

Ներկայումս ճարտարապետությունը համատեղ ջանքեր է պահանջում։ Թոմ Մեյնի արհեստանոցում կան 30-ից ավելի նախագծողներ, ովքեր ծրագրերի վրա աշխատում են միասին։ Պարոն Մեյնն ասել է, թե իր աշխատանքի հիմքում ընկած է փորձարկումը եւ հետազոտումը։

Փրիթզկերի մրցանակը երբեմն կոչում են ճարտարապետության բնագավառի Նոբելյան մրցանակ։ Պարոն Մեյնն առաջին ամերիկացին է, ում 14 տարվա մեջ շնորհվել է այդ մրցանակը։

Փրիթզկերի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները վկայակոչել են պարոն Մեյնի նախագծերի յուրօրինակությունն ու բազմազանությունը։ Նրա աշխատանքների թվում է Կալիֆոռնիայի տրանսպորտի գործակալության Լոս Անջելեսի շրջանային գրասենյակի շենքը։ 61-ամյա ճարտարապետը հայտնել է, թե իր նախագծերը մարտահրավեր են նետում ավանդական ճարտարապետության սկզբունքներին։

Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Կալիֆոռնիայի տրանսպորտի գործակալության շրջանային գրասենյակի խոշոր շենքի արեւելյան եւ արեւմտյան մասերում կա մետաղական ծակոտկեն ծածկ, որը կարգավորվում է՝ կախված արեւի դիրքից։ Կեսօրին այն խոչընդոտում է արեւի լույսի ներթափանցումը, ինչի արդյունքում խնայողություններ են կատարվում շենքի տաքացման եւ սառեցման ծախսերում։

Պարոն Մեյնը նշել է. "Այդ ծածկը հնարավորություն ունի խոչընդոտելու կամ ներս թողնելու արեւի լույսի ներթափանցումը շենք։ Այն տալիս է մոտավորապես 20 տոկոսի խնայողություն"։

Ճարտարապետ Թոմ Մեյնի նախագծած կառույցների թվում է Կալիֆոռնիայի նահանգի Փոմոնա քաղաքում գտնվող Դայըմընդ Ռանչի միջնակարգ դպրոցի շենքը։

Պարոն Մեյնն ավելացրել է. "Սկսեցինք այն գաղափարից, թե ճարտարապետությունն ինչ դեր ունի կրթության մեջ եւ թե արդյոք կարող ենք այդ գործընթացի մաս կազմել եւ ներդրում ունենալ դրանում"։

Պարոն Մեյնի կառույցներն արդյունաբերական տեսք ունեն։ Դայըմընդ Ռանչի միջնակարգ դպրոցի տնօրեն Մոնիկա Թուրվիլն ասել է, թե չնայած աշակերտներից ոմանք այն կարծիքին են, թե գորշ գույնի պատերով եւ բետոնե անցուղիներով իրենց դպրոցը հիշեցնում է բանտ, սակայն դրանք մեծամասնությանը դուր են գալիս։

Մոնիկա Թուրվիլը հայտնել է. "Աշակերտների կարծիքով դպրոցի շենքի նախագիծն ու ճարտարապետությունը նրբագեղ է եւ իրենք հպարտ են, որ այն ուշադրություն է գրավում"։

Աշակերտներն ասել են, թե Դայըմընդ Ռանչի միջնակարգ դպրոցը հայտնի է աշակերտական խորհրդի զանազանությամբ եւ իր յուրօրինակ ճարտարապետությամբ։

Աշակերտական խորհրդի նախագահ Թրիսա Թարոն նշել է. "Սովորաբար այլ դպրոցների պատերն ունեն իննսուն աստիճան, իսկ մեր դպրոցում դրանք ունեն սուր եւ բութ անկյուններ"։

Փրիթզկերի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներից մեկն ասել է, թե Թոմ Մեյնը ճարտարապետությունն ուղղորդում է դեպի 21-րդ դար եւ որ նրա աշխատանքներն անկանխատեսելի են։

XS
SM
MD
LG