Մատչելի հղումներ

Շարոնը խոստանում է... - 2005-04-12


Նախագահ Ջորջ Բուշն ու Իսրայելի վարչապետ Արիել Շարոնը քննարկեցին Գազայի գոտում հրեական բնակավայրերը վերացնելու եւ այլ խնդիրներ։

Տեխասում նախագահ Բուշի եւ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի միջեւ հանդիպման ընթացքում քննարկվեց Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու Ուղեցույցը։

Ծրագրով նախատեսվում է Իսրայելի հարեւանությամբ Պաղեստինյան անկախ պետության ստեղծում։

Պարոն Բուշն Իսրայելի ղեկավարին դրվատեց Գազայի գոտուց 8000 հրեա վերաբնակների դուրս բերելու առնչությամբ կայացրած ՚՚իր խիզախ որոշման համար՚՚, սակայն նաեւ ասաց, որ Հորդանան գետի արեւմտյան ափի տարածքում, Մաալեհ Ադումինում 3500 հավելյալ տներ կառուցելու մտադրությունը խախտում է խաղաղության ծրագիրը։

՚՚Վարչապետին հայտնեցի իմ մտահոգության մասին, որ Իսրայելը չպետք է ձեռնարկի խաղաղության հաստատման ծրագրին հակասող կամ պաղեստինիցիների վերջնական կարգավիճակի շուրջ բանակացությունները վնասող գործողություն…՚՚։

Մաալեհ Ադումինումի ընդլայնման հետեւանքով բնակավայրը կմիանա Երուսաղեմի արեւելյան մասին, որով արաբական թաղամասերը կանջատվեն այլ տարածքներից։ Վարչապետ Շարոնը որոշակիորեն չասաց թե կդադարեցնի ընդլայնումը, սակայն համաձայնեց ենթարկվել Ուղեցույցով նշված պարտավորություններին։

՚՚Մենք ջանում ենք վերականգնել վստահությունն ու հարգանքը, մեր ժողովրդի արժանապատվությունը եւ մարդու իրավունքները։ …ես կկատարեմ Ձեր նկատմամբ մեր հանձնառությունը, պարոն Նախագահ, կվերացնեմ չթույլատրված հսկիչ կետերը։ Իսկ ինչ վերաբերում է հրեական բնակավայրերին, Իսրայլելը նաեւ կկատարի Ուղեցույցի մեր բոլոր պարտավորությունները՚՚։

Սակայն վարչապետ Շարոնի համար ներկայումս դժվարին ժամանակահատված է։ Ամերիկան աջակցում է Գազայի գոտին պաղեստինցիներին զեջելու եւ հրեական բնակավայրերը կազմաքանդելու ծրագրին։

Այս ծրագրին ընդդիմանում են թե՛ Իսրայելի խորհրդարանում, եւ թե՛ հրեա վերաբնակները։

Մերձավոր Արեւելքի ինստիտուտի գիտնական Պոլ Շամն ասում է, թե վարչապետ Շարոնն իր արտահայտությունները խնամքով ընտրելով ջանում է նոր բռնարարքներ չհրահրել իր երկրում։

՚՚Շարոնը չի կարող ասել, թե կդադարեցնի գործընթացը սակայն նշեց, որ չափազանց ըմբռնումով կվերաբերի Ամերիկայի մտահոգությանը։ Եւ հրեական բնակավայրերի շուրջ իր քաղաքականությունը փոխելը նրա համար չափազանց վտանգավոր կլինի քաղաքական տեսանկյունից։ Սակայն նա նախագահ Բուշին ասաց, որ զգայուն կլինի այդ հարցերի առնչությամբ, բայց չի ցանկանում որոշակի խոստում տալ ՚։

Պարոն Շամն ասել է, որ Մերձավոր Արեւելքում դեռեւս առկա է խաղաղության հույս, չնայած պարզ չէ, թե իսրայելացիներն ու պաղեստինցիներն արդյո՞ք կկարողանան համագործակցել։

Ծրագրի համաձայն, պաղեստինցիների ղեկավար Մահմուդ Աբասը բանակցությունների համար այցելելու է Միացյալ Նահանգներ հաջորդ ամիս։

XS
SM
MD
LG