Մատչելի հղումներ

Անհույս հիվանդն արդո՞ք իրավունք ունի վճռելու իր կյանքի կամ մահվան հարցը... - 2005-04-08


Անհույս հիվանդ Թերի Շայվոյին սնուցող խողովակը հեռացնելու հետեւանքով նրա մահը աշխարհի երկրներում վերստին հարուցեց կյանքի եւ մահվան իրավունքի մասին հարցերը։

Բիոէթիկայի մասնագետները տարակարծիք են սնուցող խողովակը հիվանդից հեռացնելու ժամանակի եւ բժշկական օգնություն չտրամադրելու խնդրի շուրջ։ Կրոնական բազմաթիվ առաջնորդներ դատապարտել են Թերի Շայվոյին սնուցող խողովակը հեռացնելը։ Ջորջթաունի համալսարանի Կլինիկական բիոէթիկայի կենտրոնի աշխատկից Ջոն Քոլինզ Հարվին ասում է, թե խնամք չտրամադրելը դժվարին բարոյական որոշում է, սակայն որը կարող է արդարացվել որոշակի հանգամանքներում։

՚՚Չափազանց արտասովոր բնույթի բուժումն ու խնամքը, ինչպիսին կյանքի պահպանումն է, անիմաստ է կիրառել հիվանդությունից մահացող հիվանդի նկատմամբ։ Ուղեղի ծանր վնասվածք ունեցող անձը մահացու հիվանդություն ունի, որը երբեք հնարավոր չէ բուժելը եւ բարձրակարգ խնամք ապահովելով պարզապես երկարաձգում ենք նրանց կյանքը ՚՚։

Հովհաննես-Պողոս Երկրորդ Պապը թերեւս բացառեց բուժման որոշ այլընտրանքներ, երբ որոշեց հիվանդանոց չվերադառնալ հետագա բուժման համար։ Դոկտոր Հարվին ասում է, թե ապաքինման հույս չլինելու դեպքում բուժումը շարունակելը կարող է երկարաձգել հիվանդի, ընտանիքի եւ նույնիսկ հասարակության տառապանքները։

՚՚Եթե բուժման օգուտները համարժեք չեն դրա հետեւանքով հիվանդի կրելիք դժվարություններին, մենք դադարեցնում ենք բուժումը՚՚։

Առկա են նաեւ իրավական նկատառումներ։ Բոբ Թաթըլը Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավանաբանական բաժնի պրոֆեսոր է։

՚՚Միացյալ Նահանգների Գերագույն Դատարանը կայացրել է վճիռ, որ մարդիկ իրավունք ունեն որոշում կայացնելու իրենց բուժման՝ այդ թվում իրենց կյանքը երկարաձգելու նպատակով բուժում ստանալու մասին՚՚։

Պրոֆեսոր Թաթըլն ասում է, թե վճռելու համար ամենադժվարինները Թերի Շայվոյի գործի նման գործերն են, երբ ինչ-որ մեկը պետք է որոշում կայացնի հիվանդի փոխարեն։

՚՚Հինգ տարի առաջ Միացյալ Նահանգների Գերագույն Դատարանի վարած գործից է բխում նաեւ մյուս սկզբունքը, երբ որոշում կայացվեց, թե բուժանձնակազմն իրավունք չունի հիվանդին օգնելու որպեսզի ինքնասպանություն գործի՚՚։

Սակայն Օրեգոնի նահանգում քվեատուները հաստատեցին ՚՚Արժանապատվությամբ մահանալու մասին օրենքը՚՚, որը բժիշկներին թույլատրում է կյանքն ավարտող դեղ դուրս գրել իրենց կյանքին վերջ դնել ցանկացող մահացու հիվանդների համար։

XS
SM
MD
LG