Մատչելի հղումներ

Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի թաղման արարողությունը - 2005-04-08


Ուրբաթ օրը, Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում միլիոնավոր մարդիկ վերջին հրաժեշտը տվեցին Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին։ Մերթ ընդ մերթ ծափահարություններով ընդհատվող հուղարկավորության զգայացունց արարողության ընթացքում Պապը հաճախ հիշվեց իր հոգեւոր նվիրվածության, իր թողած ժառանգության եւ վերջին տարիներին ցուցաբերած քաջության համար։

Թաղման բացօթյա արարողությանը մասնակցած հարյուր հազարավոր անձանց թվում էին տարբեր դավանանքների եւ երկրների բազմաթիվ բարձրաստիճան անձինք։

Պապի պարզ, փայտե դագաղը, որի վրա փորագրված էր խաչ եւ Կույս Մարիամի անվան առաջին՝ Մ տառը, Սուրբ Պետրոսի տաճարից տարվեց դեպի հրապարակ։

Այնուհետեւ, նրա դագաղը դրվեց խորանի առջեւ փռված գորգի վրա։ Դագաղի վրա դրված էր մի Աստվածաշունչ։

Սուրբ պատարագի մատուցումը ղեկավարեց Կարդինալների կոլեջի դեկան եւ Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի մտերիմներից Կարդինալ Ջոզեֆ Րատզինգերը, որը համարվում է պապի հավանական հաջորդը։

Իր քարոզում նա Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին անվանեց քահանա մինչեւ վերջին պահը եւ ասաց, թե Պապը իր կյանքը նվիրել է Աստծուն եւ իր հավատացյալ համայնքին ծառայելուն, հատկապես վերջին ամիսներին կրած իր տառապանքների ժամանակ։

Միլիոնավար հավատացյալներ ամբողջ աշխարհում միաժամանակյա արարողությամբ միացել են Պապի հուղարկավորության արարողությանը աշխարհի տարբեր երկրներում։

Պապի հայրենի Լեհաստանում մոտ 8ՕՕ.ՕՕՕ անձինք հավաքվել էին Կրակովի ընդարձակ մի դաշտում, ուր էկրանի վրա դիտում էին թաղման արարողությունը եւ երգում էին կրոնական հիմներ։

Լեհաստանում դպրոցներն ու խանութները փակվել են ազգային հերոս համարվող Պապի թաղման առթիվ։

XS
SM
MD
LG