Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին անցյալ շաբաթ Բոստոնում շնորհվեց Ջոն Քենեդու անվան արիության պարգեւ եւ նա խոստացավ, թե Ուկրաինան կդառնա ժողովրդավարական առաջատար երկիր։
Պարոն Յուշչենկոյի ժամանելուց ժամեր առաջ, ուկրաինական ծագմամբ ամերիկացիները հավաքվել էին Բոստոնի Ջոն Քենեդու անվան գրադարանում։ Ազգային տարազներով մարդիկ ծածանում էին Ուկրաինայի դրոշներ եւ կրում էին նարնջագույն ժապավեններ։
Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հերբսթն ասել է, թե Միացյալ Նահանգներն Ուկրաինային օգնում է ժողովրդավարության հաստատման գործում։
Պարոն Հերբսթը նշել է. "Ներկայումս Ուկրաինայի ժողովրդին օգնում ենք ժողովրդավարության հաստատման գործում։ Մենք ցանկանում էինք դա անել անցյալում, սակայն վստահ չեմ, թե կհաջողեինք"։
Նախագահ Յուշչենկոն հանդիպեց սենատոր Թեդ Քենեդու եւ նրա եղբոր աղջկա՝ Քերոլայն Քենեդի Շլոսբերգի հետ։
Հանդիսավոր արարողության ժամանակ, Քերոլայն Քենեդի Շլոսբերգը պարոն Յուշչենկոյին հանձնեց ԱՄՆ-ի երբեմնի նախագահի եւ իր հոր՝ Ջոն Քենեդու անվան արիության պարգեւը։ Նա ասել, թե պարոն Յուշչենկոյի արիությունը ոգեշնչում է եղել ամբողջ աշխարհի համար։
Քերոլայն Քենեդի Շլոսբերգն ավելացրել է. "Նախագահ Քենեդին այն կարծիքին էր, որ որեւէ անձի արիությունը կարող է մեծ փոփոխություններ մտցնել։ Վիկտոր Յուշչենկոն այդ հավատը մարմնավորում է նոր սերնդի համար։ Կոռուպցիայի, ահաբեկումների եւ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում նա հարազատ է մնացել ազատության, ժողովրդավարության եւ օրենքի ուժի գաղափարներին"։
Սենատոր Թեդ Քենեդին նախագահ Յուշչենկոյին դրվատեց արիության համար եւ քննադատեց Ուկրաինայի նախկին վարչակազմի կառավարման ընթացքում կայացած ընտրական գործընթացը։
Սենատոր Քենեդին ասել է. "Իր երդմնակալության արարողության ժամանակ եղբայրս խոստացավ, որ Ամերիկան ամեն գնով կերաշխավորի ազատության գոյատեւումը եւ հաջողությունը։ Նախագահ Յուշչենկոն աշխարհին ցույց է տվել, որ այսօր էլ կան նման մտայնության եւ նման գաղափարախոսությամբ ապրող արտասովոր ղեկավարներ։ Նա եւ Ուկրաինայի ժողովուրդն արժանի են հիացմունքի եւ աջակցության"։
Նախագահ Վիկտոր Յուշչենկոն ամերիկյան ժողովրդին իր երախտագիտությունը հայտնեց պարգեւի համար եւ խոստացավ, որ ինքն ու իր կառավարությունը կշարունակեն նոր Ուկրաինայի կառուցումը։