Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների Կոնգրեսում բանավեճը շարունակվում է մի վիճահարույց օրենքի շուրջ - 2005-04-06


Անցնող երեքշաբթի Միացյալ Նահանգների Կոնգրեսում քննարկվեց ահաբեկչության դեմ պայքարի վիճահարույց օրենքը։

Միացյալ Նահանգների Գլխավոր Դատախազ Ալբերտո Գոնզալեսն ու Հետաքննությունների Ֆեդերալ Բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլլերը պնդում են, որ Կոնգրեսը պետք է վերստին գործողութան մեջ դնի Հայրենասիրության Օրենքը, որը հաստատվեց սեպտեմբերի տասնմեկի դեպքերից հետո։

Օրենքի հոդվածների մեծամասնությունը հաստատվել է մշտապես, սակայն վիճահարույց մի քանի կետեր ուժի մեջ կմնան մինչեւ այս տարվա վերջերը, եթե Կոնգրեսը չվերահաստատի դրանք։

Քննադատներն ասում են, որ գործակալները մարդկանց մասին անձնական տեղեկություններ կարող են հավաքել գրադարաններից, հիվանդանոցներից, բիզնեսներից։ Պարոն Մյուլլերն ասում է, թե իշխանությունը երբեք չի չարաշահել դա։

՚՚…այս օրենքը գործադրելով Հետաքննությունների Ֆեդերալ Բյուրոն նշանակալից առաջընթաց է կատարել ահաբեկչությունը եռանդունորեն հետաքննելու եւ կանխելու, ինչպես նաեւ մարդկանց կյանքը պաշտպանելու գործում, միաժամանակ պաշտպանելով քաղաքացիական ազատությունները՚՚։

Սակայն Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ռաս Ֆայնգոլդը պարոն Գոնզալեսին ասաց, որ Օրենքի 213 կետի համաձայն գաղտնի խուզարկություններ կարող են կատարվել ոչ միայն ահաբեկչության մեջ կասկածվող անձանց՝ այլեւ բոլոր քաղաքացիների տներում։

՚՚Եթե Հետաքննությունների Ֆեդերալ Բյուրոն հետաքննի միջազգային մի ահաբեկչի կամ լրտեսի, ապա կարող է խուզարկության թույլտվություն ձեռք բերել եւ այդ մասին երբեք տեղյակ չպահել տվյալ անձին, այդպե՞ս է՚՚։

՚՚Ընդհանրապես այո, պարոն՚՚։

՚՚Եւ 213 կետը ոչ մի կապ չունի շարքային քաղաքացիների խուզարկության հետ, արդյոք այդպե՞ս է՚՚։

՚՚Այո, ճշմարիտ է՚՚։

՚՚Այսինքն, երբ քննարկում ենք 213 կետը ապա նկատի ունենք, որ խուզարկությունը կատարվում է ահաբեկչության կամ լրտեսության հետ կապ չունեցող հանցագործությունները հետաքննելու նպատակով, այդպե՞ս է՚՚։

՚՚Թերեւս, սակայն այն նաեւ ընդգրկում է այլ կարգի հանցագործություններ՚՚։

՚՚Այսպիսով, դրանք կապ չունեն ահաբեկչության հետ՚՚։

Դեմոկրատական կուսակցությունից օրենսդիրներ եւ քաղաքացիական ազատությունների համար պայքարող խմբեր ասում են, որ նման կետերը պետք է չեղյալ հայտարարվեն կամ փոխվեն, քանի որ հակասում են ԱՄՆ-ի Սահմանադրությանը։

Հայրենասիրության Օրենքի կողմնակիցների կարծիքով այն ամերիկացիների կյանքը վեր է դասում ամեն ինչից։

Հաջորդ երկու ամսում այս մասին բանավեճը շարունակվելու է Կոնգրեսի հանձնաժողովներից մեկում։

XS
SM
MD
LG