Մատչելի հղումներ

Դեղորայքի բարձր գներն ամերիկյան կենսաթոշակառուներին հարկադրում են օգտվել ինտերնետային դեղատներից - 2005-04-05


ԱՄՆ-ում դեղորայքի բարձր գների պատճառով բազմաթիվ կենսաթոշակառուներ դրանք գնում են Կանադայում գործող ինտերնետային դեղատներից։

72-ամյա Մարի Բիսթոնը մի շարք թանկ դեղամիջոցներ է օգտագործում շաքարախտի դեմ։ Մարին Կանադայի դեղատներից օգտվող 1 միլիոն ամերիկացիներից մեկն է։

Մարին ասել է. "Օգտվում եմ Կանադայի դեղատներից, քանի որ ինձ համար մատչելի չէ ամերիկյան դեղատներից դեղերի ձեռք բերումը"։

Բազմաթիվ տարեց ամերիկացիների եկամուտը սահմանափակ է եւ նրանք պետք է դժվարին որոշում կայացնեն իրենց ծախսերի առաջնահերթությունը որոշելու առնչությամբ։ 79-ամյա Նորման Ալփերի բժիշկը նրա համար դուրս է գրում թանկ դեղամիջոցներ խոլեստերինը նվազեցնելու եւ ստամոքսի թթվայնությունը բուժելու համար։ Դրանք օրական յոթն են։ Նորմանն ասել է, թե խնայողությունների նպատակով իր դեղերից 2-ը ձեռք է բերում Կանադայում։

Նորմանը նշել է. "Այս 2 դեղերը Կանադայից գնելով, ամսական խնայում եմ առնվազն 150 դոլար"։

Թե՛ Մարին եւ թե՛ Նորմանը դեղատոմսով դուրս գրվող իրենց դեղորայքը գնում են Կանադայի ինտերնետային դեղատներից մեկից՝ Յունիվըրսըլից, որը Կանադայում առաջինն է նախաձեռնել ինտերնետային դեղատների ստեղծումը։ Դրանից օգտվում են 100 հազարից ավելի հաճախորդներ։

Դեղագործ Ջեֆրի Ուհլը հայտնել է. "Կանդայում մեր դեղատունն արտոնագրված է եւ մեր հաճախորդներին կարող ենք ապահովել դեղատոմսով դուրս գրվող դեղորայքի 40-ից 50 տոկոսի խնայողություն ամերիկյան նույնանուն դեղորայքի համեմատությամբ"։

Սակայն քննադատների կարծիքով, այդ խնայողությունները կատարվում են դեղորայքի ապահովության հաշվին։ Դեղագործ Ջեֆրի Ուհլը տարակարծիք է նման տեսակետին։

Պարոն Ուհլը հայտնել է. "Արտոնագրված կանադական դեղատնից օգտվելու դեպքում, մենք հետեւում ենք համաշխարհային մակարդակով ընդունված ամենախիստ կանոններին եւ սահմանված կարգին"։

Նորմանն ասել է, թե ամբողջապես վստահում է կանադական դեղորայքի ապահովությանը։ Գրեթե մեկ ու կես տարի է, ինչ նա օգտվում է այս ծառայությունից եւ ոչ մի խնդիր չի ունեցել։ Մարին եւս համակարծիք է Նորմանի հետ եւ ավելացրել է, թե բարձր է գնահատում Ամերիկայում գործող ազատ շուկայական հարաբերությունների համակարգը։

Մարին նշել է. "Որպես սպառող իրավունք ունեմ որոնելու որեւէ ապրանքի նվազագույն արժեքը։ Հենց այդպես էլ վարվում եմ եւ ոչ մի խնդիր չեմ տեսնում դրանում"։

Այս կենսաթոշակառուներն ասել են, թե չնայած ամերիկյան օրենքով արգելվում է նման գործարքը, իրենց ցածր եկամուտները հարկադրում են այլընտրանքներ որոնելու, դեղատոմսով դուրս գրվող դեղորայքի բարձր գներից խուսափելու նպատակով։

XS
SM
MD
LG