Մատչելի հղումներ

Դինոզավրի ոսկրում  հայտնաբերվել է մարմնի հյուսվածքի մնացորդ...  - 2005-03-29


ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգում անակնկալ հայտնագործությունը թերեւս պատասխանի բազմաթիվ հարցերի։

Միլիոնավոր տարիներ առաջ երկրագնդի վրա ապրած խոշոր կենդանիների՝ դինոզավրերի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունն ու ակնածանքը երբեք չի մարում։ Մենք ուսումնասիրում եւ ենթադրություններ ենք անում նրանց տեսքի ու պահվածքի՝ ու նույնիսկ կինոնկարներ ենք հանում նրանց մասին։

Տարիներ շարունակ գիտնականները դինոզավրերի մասին իրենց եզրակացություններին հանգել են հիմնականում քարացած բրածոների շնորհիվ։

Մոնտանայի նահանգում վերջերս պեղումներ կատարելիս գիտնականները հայտնաբերել են Թի Ռեքս կոչվող դինոզավրի ազդրի ոսկրի կես մասը, որի մեջ հայտնաբերել են փափուկ հյուսվածք։ Բնության պատմության Սմիթսոնյան թանգարանի կուրատոր Դոկտոր Մաթյու Քարանոն այս մասին ասում է.

՚՚Սովորաբար ուսումնասիրում ենք ոսկրերի արտաքին մասը, կամ կենդանու ընդհանուր կառուցածքը։ Սակայն այս դեպքում հնարավորություն եւ կարողություն ունենք ուսումնասիրելու կենդանու միկրոկառուցվածքը՚՚։

Հյուսիսային Կարոլինայի նահանգի հնէաբան, դոկտոր Մերի Շվայցերն այս մասին ասում է.

՚՚Ոսկրից երեւան եկան թափանցիկ, ճկուն եւ ճյուղավորված հյուսվածքներ, որոնք չափազանց նման են արյան անոթների՚՚։

Հյուսվածքի ուսումնասիրությունից պարզվեց, որ այն չափազանց նման է ջայլամի արյան անոթներին։ Բազմաթիվ գիտնականներ այն կարծիքին են, որ թռչունները դինոզավրերի անմիջական ժառանգներն են։ Հնէաբան Ջաք Հորներն այս մասին ասում է.

՚՚…ամենահուզիչն այն է, որ արյան անոթ՝ եւ դրա մեջ արյան բջիջ ունենալու դեպքում առկա է անեղծ, կամ մասամբ պահպանված ԴՆԹ՚՚՚՚։

ԴՆԹ-ն կյանքի ծրագրավորումն է։ Դինոզավրի ԴՆԹ-ն օգտագործելով նախապատմական կենդանուն վերաստեղծելը ՚՚Ջուրասիք Փարք՚՚ խորագրով գրքի եւ կինոնկարի նախադրյալն էր։ Սակայն դոկտորներ Շվայցերն ու Քարանոն ասում են, թե կյանքը չի կրկնօրինակի արվեստին։

՚՚…սա չի նշանակում, թե մեր փորձակայանում պատճենահանում ենք դինոզավրերի, որը հավանաբար չենք անի՚՚։

՚՚Դժբախտաբար ԴՆԹ-ն չափազանց անկայուն մոլեկուլ է, որը բավականին պաշտպանված է մեր մարմնում։ Սակայն շրջակա միջավայրի պայմաններում այն արագորեն քայքայվում է՚՚։

Մինչ դինոզավրի ԴՆԹ-ն առանձնացնելը թերեւս անհավանական է, գիտնականները հույս ունեն առանձնացնել փափուկ հյուսվածքի անվնաս պրոտեինները։ Դրանք նվազ չափով են քայքայվում եւ թերեւս կբացատրեն դինոզավրերի եւ մյուս կենդանիների միջեւ էվոլուցիոն հարաբերությունը։

Այս մասին գիտնականների ուսումնասիրությունները հրատարակվել են ՚՚Սայընս՚ պարբերականում։

XS
SM
MD
LG