Մատչելի հղումներ

Դաշտանադադարն ու աչքի մշտական չորությունը - 2005-03-29


Դաշտանադադարում գտնվող կանանցից շատերի մոտ առկա է միեւնույն ախտանիշը, որի մասին նրանք թերեւս տեղյակ չեն։

Դաշտանադադարն անխուսափելի երեւույթ է յուրաքանչյուր կնոջ համար։ Եվ մինչ կանանց մեծամասնությունը լսել է դաշտանադադարի ընթացքում ջերմություն զգալու եւ տրամադրության վերելքների ու վայրէջքների մասին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ շրջանում կանանց մոտ ի հայտ է գալիս նաեւ աչքի մշտական չորության ախտանշանը։

Ուսումնասիրության արդյունքները հաստատում են, թե դաշտանադադարում գտնվող կանանցից շատերը չեն ըմբռնում, որ թերեւս տառապում են աչքի մշտական չորությունից։ Ախտանիշների թվում են ոչ հստակ տեսողությունը, աչքերի գերզգայնությունը եւ քորը։ Կանայք պետք է գիտակցեն, որ սրանք բուժման ենթակա ախտանշաններ են։

ԱՄՆ-ում դաշտանադադարում գտնվող կանայք ամենաշատն են տառապում աչքի մշտական չորությունից։ Այն ԱՄՆ-ում ակնաբույժներին այցելության առաջատար պատճառներից մեկն է։ Աչքի չորությունն ի հայտ է գալիս, երբ աչքերը չեն արտադրում բավարար քանակի կամ անհրաժեշտ որակի արցունք։

Նման ախտանշաններով տառապող կանանցից մեկն ասել է. "Երբ մոտենում էի դաշտանադադարիս, մարմնումս տեղի էին ունենում բազմաթիվ փոփոխություններ։ Աչքերիս չորությունը եւ քորը չէի վերագրում դրան։ Ի վերջո որոշեցի այցելել ակնաբույժի"։

Երբ կանայք գիտակցում են, որ աչքի մշտական չորությունը թերեւս դաշտանադադարի հետեւանք է, ապա փորձում են բուժել այն։

Եթե աչքի մշտական չորությունը չբուժվի, ապա այն թերեւս կարող է հանգեցնել տեսողության կորստի եւ վարակի նկատմամբ բարձր հակվածության։ Այսպիսով կարեւոր է ստանալ ակնաբույժի ճշգրիտ ախտորոշումը եւ հետեւել բուժման նրա խորհուրդներին։ Բուժումների թվում են ախտանշանների ժամանակավոր թեթեւացում ապահովող աչքի կաթիլները կամ դեղատոմսային բուժումը։

Սա լավ լուր է աչքի մշտական չորությունից տառապող միլիոնավոր ամերիկացիների համար։

XS
SM
MD
LG