Միացյալ Նահանգներում փորձարկվում է սրտի վնասված կափույրները փոխարինելու տեխնոլոգիա։
Ֆրեդ Գրանդի սիրտն այնքան թույլ էր, որ չէր կարողանում վեր կենալ անկողնուց։ Նրա կուրծքը ցավում էր, դժվարությամբ էր շնչում եւ մշտապես հոգնած էր։ 76 տարեկան հասակում նա մահվան եզրին էր։
՚՚Այդ ժամանակ կնոջս ասացի. թանկագինս, վերջս եկել է՚՚։
Պարոն Գրանդին անհրաժեշտ էր սրտի նոր կափույր, սակայն նա այնքան թույլ էր, որ բժիշկներն ասացին թե վիրահատությանը թերեւս չի դիմանա։ Դրա փոխարեն բժիշկ Վիլյամ Օ՚ Նելն ու նրա գործընկերները պարոն Գրանդի սրտի կափույրը փոխեցին առանց նրա կուրծքը վիրահատելու։
՚՚Սա ամենաբարդ վիրահատությունն էր, որին երբեւէ մասնակցել եմ։ Արդյունքը մարդկանց բուժումն է, որոնց նախկինում հնարավոր չէր բուժել՚՚։
Սա պարոն Գրանդի սրտին անհրաժեշտ, փոխարինող կափույր է։ Բժիշկներն այն սեղմելով դարձրել են մատիտի լայնության, ամրացրել են մի երկար, ճկուն խողովակի եւ մտցրել են նրա ազդրի երակի մեջ։ Նոր կափույրն այնուհետեւ հասցվել է մինչեւ նրա սիրտը, փչելով ուռեցվել եւ տեղադրվել է նախկինի տեղում։ Պարոն Օ՚ Նելն ասում է, թե այդ գործում առկա են վտանգներ։
՚՚Սրտի պատի վրա անցք բացելու հետեւանքով կարող են առաջանալ բարդություններ։ Երկրորդ, բժիշկն ընդամենը մեկ հնարավորություն ունի փչելով ուռեցնել նոր կափույրը։ Սխալ ուռեցնելու դեպքում ամեն ինչ կձախողվի՚՚։
Պարոն Գրանդի վիրահատությունը բարդություններ է ունեցել, սակայն բարեհաջող է ավարտվել։ Վիրահատությունից երեք ժամ հետո նոր կափույրը սկսել է աշխատել ինչպես հարկն է։ Պարոն Գրանդը հուզված է։
՚՚Չափազանց լավ եմ զգում։ Ունեմ ծննդյան նոր օր, մարտի տասը, սրտիս վրա աշխատելու օրը, երբ վերածնվեցի՚՚։
Քանի որ խոշոր վիրահատության չէր ենթարկվել, պարոն Գրանդը հիվանդանոցից դուրս գրվեց երեք օր անց, իսկ չորս օրից վերադարձավ աշխատանքի։