Միացյալ Նահանգներում կայացավ ցուցահանդես, որը լուսաբանում էր բույսերի դերը բազմաթիվ հիվանդություններ բուժելու գործում։
Այցելուները կարող են մոտիկից տեսնել մի քանի մայրցամաքներից բերված բույսերը, որոնք օգտագործվել են սովորական մրսածությունից մինչեւ քաղցկեղի դեմ մղվող պայքարում։ Ջերմոցի տնօրեն Սքոթ Մեդբըրին ասել է, թե ցուցահանդեսն իսկապես ուսուցողական է բոլոր տարիքի անձանց համար։
Պարոն Մեդբըրին նշել է. "Երեխաներն այստեղ գալով կարող են ըմբռնել, թե որքան կարեւոր են բույսերը մեր գոյատեւման համար"։
Օրինակ, Հարավային Ամերիկայից բերված մագլցող պատատուկը սրտի բաց վիրահատության ժամանակ օգտագործվում է որպես անզգայացուցիչ։ Աֆրիկյան ծագում ունեցող հալվեն բուժական շատ կիրառություններ ունի՝ սկսած արեւահարման դեմ օգտագործվելուց մինչեւ որպես լուծողական օգտագործվելը։ Պղպեղի բազմաթիվ տեսակներ օգտավետ են ստամոքսի խանգարվածության, հոդացավն ու այլ հիվանդություններից առաջացած ցավերը մեղմելու դեպքում։
Կուրատոր Լիզա Վան Քլիֆը հայտնել է. "Պղպեղի կծուն առաջացնող բաղադրամասն օգտագործվում է մկնատամով տառապող հիվանդների անասելի ցավը մեղմելու համար, այն պարզապես անզգայնացնում է ցավը"։
Մեկ այլ օրինակ է չբուժվող եւ անասելի ցավի մեջ գտնվող հիվանդների շրջանում մորֆինի կիրառումը, որը ստացվում է Հնդկաստանում եւ ԱՖղանստանում աճեցվող օփիումից։
Կրծքի քաղցկեղի բջիջների վերարտադրությունը դադարեցնելու նպատակով լայնորեն օգտագործվող տաքսոլ դեղամիջոցը ստացվում է եվրոպական ծագում ունեցող կարմրածառի կեղեւից։ Իսկ հուդիան դառնահամ կակտուս է Հարավային Աֆրիկայից։
Լիզա Վան Քլիֆն ավելացրել է. "Հարավային Աֆրիկայի Կալահարի անապատի բնակիչներն հուդիան օգտագործել են որպես ախորժակն արգելակող միջոց, երբ գնում էին 3-ից 4 օր տեւող որսորդական ճանապարհորդությունների"։
“Բնության դեղատուն” խորագրով ցուցահանդեսն այցելուների առջեւ բաց կլինի մինչեւ այս տարվա հոկտեմբեր ամիս։