Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի համալսարաններում գործող միջազգային ուսանողական կազմակերպությունները - 2005-03-15


ԱՄՆ-ի համալսարաններում գործում են միջազգային ուսանողական հազարավոր կազմակերպություններ օտարերկրյա ուսանողների համար։

Եկատերինա Ապոստոլովան 3 տարի առաջ Բուլղարիայից եկել է Նեբրասկայի համալսարան, որպեսզի միջազգային քաղաքատնտեսություն ուսանի։ Նա արագորեն իր հետաքրքրություններն ու հմտությունները գործադրելու միջոց գտավ։

Եկատերինան հայտնել է. "Սովորելուս առաջին տարում ներգրավվեցի համալսարանում գործող միջազգային ուսանողական կազմակերպության աշխատանքներում։ Դարձա քարտուղար, ապա փոխնախագահ, իսկ այս տարի արդեն կազմակերպության նախագահն եմ"։

Եկատերինան նախագահել է Ինդոնեզիայի, Սրի Լանկայի, Գերմանիայի, Ճապոնիայի եւ մի շարք այլ երկրների ուսանողական կազմակերպությունների ղեկավարների համատեղ հանդիպումը, որի նպատակն անցած դեկտեմբերի աղետալի ցունամիի զոհերի համար դրամահավաք կազմակերպելն էր։

Եկատերինան ավելացրել է "Բազմաթիվ ուսանողներ Չինաստանից ու Հնդկաստանից են, կան ուսանողներ Արեւելյան Եվրոպայից, Ուկրաինայից, Սերբիայից"։

Համալսարանի միջազգային ուսանողական ծառայությունների տնօրեն Քերին Քեգլին ասել է, թե համագործակցության այդ մակարդակը նոր երեւույթ է։

Քերին Քեգլին նշել է. "Բոլորը համատեղ փորձում են որոշ օգնություն հասցնել աղետալի ցունամիից տուժածներին"։

Նեբրասկայում սովորում են 25 հազար ուսանողներ, որոնցից 2 հազարն օտար երկրներից են։ Սակայն սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին հաջորդած անվտանգության խիստ միջոցառումների հետեւանքով այդ թիվը նվազում է։

Այնուամենայնիվ, դա չի նվազեցնում արդեն իսկ այստեղ գտնվողների խանդավառությունը։ Մարիամ Հաբիբը մայրաքաղաք Վաշինգտոնի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի աֆղանացի ուսանողների կազմակերպության նախագահն է։

Մարիամը հայտնել է. "Մենք 70-ական թվականներին Աֆղանստանից արտագաղթողների զավակներ ենք եւ մեզանից ոմանք նույնիսկ ծնվել են Աֆղանստանում։ Ես ծնվել եմ ԱՄՆ-ում։ Մեզ համար չափազանց կարեւոր է մեր մշակույթը պահպանելը, միմյանց հետ շփվելը եւ ուրիշներին օգնելը"։

Օգնության ծրագրերի թվում են դրամահավաքները, սննդի եւ հագուստեղենի հավաքներն Աֆղանստանին օգնելու համար։

Մարիամ Հաբիբն ավելացրել է. "Նման ծրագրերը մեզ հնարավորություն են տալիս դյուրացնելու մեր հայրենիքում մնացածների կյանքը, քանի որ մեզ երջանիկ ենք համարում ԱՄՆ-ում բնակվելու եւ այստեղի արտոնություններից օգտվելու համար"։

Որ երկրից էլ, որ ժամանած լինեն օտարերկրյա ուսանողները, նրանք ջանում են պայծառ ապագա ստեղծել իրենց եւ մեր բոլորի համար։

XS
SM
MD
LG