Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Գերագույն Դատարանը որոշում է կայացնում - 2005-03-09


ԱՄՆ-ի Գերագույն Դատարանի որոշմամբ այժմ մահվան չեն կարող դատապարտվել տասնութը տարին չբոլորած հանցագործները։

Անչափահասների մահվան դատապարտումը չեղյալ հայտարարելու մասին Գերագույն Դատարանի իննը դատավորներից հինգի մեծամասնության կարծիքը հիմնավորել է Անթընի Քեննեդին։ Նա նշել է, որ միջազգային կարծիքը դեմ է անչափահասներին մահվան դատապարտելուն։

Դատավոր Քեննեդին նաեւ գրել է, որ ամերիկյան հասարակությունն անչափահասներին համարում է միջին հանցագործից շատ ավելի նվազ մեղավոր, լիովին հասունացած չլինելու եւ զգացմունքային կայուն ներաշխարհ չունենալու պատճառով։

Մահվան դատավճռին ընդդիմացողները դրականորեն արձագանքեցին որոշմանը։

Մարշա Լեվիքն ՚՚Անչափահասներին վերաբերող օրենքի կենտրոն՚՚-ի աշխատակիցներից է։

՚՚Մենք չենք կարող բարձրագույն պատիժ հարկադրել այն հանցագործներին, ովքեր չեն ցուցաբերում չափահասների նույն մակարդակի հանցապարտություն, մեղավորություն, հասուն դատողություն, որը ցուցաբերում են չափահաս հանցագործները՚՚։

Նոր որոշումն ազդում է 19 նահանգների վրա, որոնք թույլատրում են մահապատժի ենթարկել տասնութից ցածր տարիք ունեցող հանցագործներին։ Գերագույն Դատարանի որոշմամբ վերացվում է անչափահաս տարիքում մարդասպանություն գործելու համար մահվան դատապարտված 70 անձանց մահապատիժը։ Դատարանը 1988 թվականին արդե՛ն իսկ չեղյալ էր հայտարարել տասնհինգ եւ դրանից ցածր տարիքի անձանց մահապատիժը։

ԱՄՆ-ն այն մի քանի երկրներից է, ուր անչափահասների մահապատիժը պահպանվել է։ Իրանը, Պակիստանը, Չինաստանն ու Սաուդիան Արաբիան նո՛ւյնպես աշխատում են այդ ուղղությամբ։

Գերագույն Դատավորներից Սանդրա Դեյ Օ՚ Քոննորը իննը դատավորներից չորս դատավորների փոքրամասնության համար գրել է նրանց այլընտրական կարծիքը։ Նա փաստարկել է, որ դաժան հանցագործություն կատարելու դեպքում անչափահասները պետք է ենթարկվեն մահապատժի։

Գերագույն Դատարանում մեծամասնություն կազմած հինգ դատավորների որոշումը վատ լուր էր անչափահաս հանցագործների կողմից սպանված անձանց ընտանիքների համար։ Բիլ Գրինն ու Ադոլֆ Պենան որդեկորույս ծնողներ են։

՚՚Մեր որդուն սպանած անձն արդե՛ն իսկ տասնչորս լուրջ հանցագործություններ էր կատարել մինչեւ տասնյոթ տարեկան հասակը՚՚։

՚՚Կարող եմ մեկ բան ասել։ Այս տասնյոթ տարեկանները գիտեին թե ինչ են անում, երբ սպանեցին իմ դստերը՚՚։

Գերագույն Դատարանի կողմից մահվան դատավճիռը 1976 թվականին վերականգնվելուց ի վեր մահապատժի են ենթարկվել 22 անչափահաս հանցագործներ։

ԱՄՆ-ի բարձրագույն դատարանը մտավոր խանգարում ունեցող հանցագործների մահապատիժն արգելել է 2002 թվականին վկայակոչելով, որ այն խախտում է դաժան եւ անսովոր պատիժներն արգելող ԱՄՆ-ի Սահմանադրության հոդվածներից մեկը։

XS
SM
MD
LG