Մատչելի հղումներ

Բեյրութում տեղի են ունենում թե՛ հակասիրիական, եւ թե՛ հակաամերիկյան ցույցեր - 2005-03-09


Նախագահ Բուշը Սիրիային վերստին կոչ է անում դուրս բերել իր զինուժը Լիբանանից։

Նախագահ Բուշն անցնող երեքշաբթի պահանջեց, որպեսզի Սիրիան իր զինուժը Լիբանանից դուրս բերի առաջիկա մայիսին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։

՚՚Սիրիայի ամբողջ զինուժն ու հետախուզության անձնակազմը պետք է Լիբանանից դուրս բերվեն նախքան ընտրությունները, որպեսզի դրանք լինեն ազատ եւ արդար՚՚։

Պարոն Բուշն Ազգային պաշտպանության համալսարանում վերջերս իր ելույթում Սիրիային կոչ արեց վերջ դնել Լիբանանի 30-ամյա բռնագրավմանը։

Նա ասաց, թե ազատությունը կհաղթանակի Լիբանանում եւ իր աջակցությունը հայտնեց Սիրիայի դեմ բողոքող ցուցարարներին, ովքեր Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիք Հարիրիի սպանությունից հետո Սիրիայից պահանջում են հեռացնել իր զինուժը Լիբանանից։ Այս մասին պարոն Բուշն ասաց.

՚՚Լիբանանի ապագան պատկանում է ձեզ եւ ձեր քաջության շնորհիվ Լիբանանի ապագան կլինի ձեր ձեռքում։ Ամերիկյան ժողովուրդն ու աշխարհի միլիոնավոր անձինք ձեր կողքին են՚՚։

Պարոն Բուշն ասաց, թե Իրաքում, Աֆղանստանում եւ Պաղեստինյան տարածքներում ժողովրդավարական ընտրությունները ցույց տվեցին, որ Մերձավոր Արեւելքում կարեւոր նշանակության դեպքերը տարածաշրջանը տանում են դեպի հուսալից մի նոր ուղղություն։

՚՚Միլիոնավոր անձինք ձեռք բերեցին իրենց ազատությունը եւ միլիոնավոր ուրիշներ ձեռք բերեցին ազատության հույսը, որը հնարավոր չէ հերքել։ Ազատության շեփորը հնչել է, եւ այդ շեփորը երբեք չի ազդարարում նահանջ՚՚։

Սակայն մինչ պարոն Բուշն ազատության կոչ էր անում, հարյուր հազարավոր սիրիամետ ցուցարարներ հավաքվել էին Բեյրութում, ուր վանկարկում էին հակաամերիկյան կարգախոսներ։ Հավաքը կազմակերպել էր Հեզբոլլահը, որն Իրանի կողմից ֆինանսավորվող ու Սիրիայի կողմից աջակցվող շիա մահմեդական զինյալների խումբ է։

Հավաքը խոչընդոտեց հակասիրիական այլ ցույցերը եւ որոշ թվով վերլուծաբաններ նախազգուշացրեցին, որ ԱՄՆ-ը թերեւս գերագնահատում է Լիբանանում փոփոխություններ բերելու իր կարողությունը։

Ռիչարդ Ֆեըրբանքսը Մերձավոր Արեւելքում խաղաղության հարցերով ԱՄՆ-ի նախկին բանագնացներից մեկն է։

՚՚Առաջին. չնայած Արեւմուտքը ցանկանում է որպեսզի Սիրիան հեռանա, դա չի օգնի փոխելու շիաների ու թերեւս մյուսների կարծիքը Լիբանանում։ Երկրորդ. եւրոպացիների ու ամերիկացիների այս կոչերը չեն կարող իրագործվել առանց համապատասխան օրենսդրության։ Այսպիսով, մարդկանց մեծամասնությունը որքան էլ ցանկանա Սիրիայի հեռացումը, դրա իրագործումն այնքան էլ դյուրին չի լինի՚՚։

Բացի այդ, քաղաքական վերլուծաբանները փաստարկում են, որ Մերձավոր Արեւելքում բարեփոխությունների մասին հայտարարվել է նաեւ նախկինում, որոնք բոլորն էլ ձախողվել են։

XS
SM
MD
LG