Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի վեհաժողովը եւ դրա անդամ երկրները  - 2005-02-23


ՆԱՏՕ-ի անդամ պետությունները համաձայնել են օգնել Իրաքի անվտանգության ուժերը մարզելու գործում։

Անցնող երեքշաբթի կայացած ՆԱՏՕ-ի պաշտոնական հանդիպումից հետո նախագահ Բուշն ու Դաշինքի Գլխավոր Քարտուղար, գեներալ Յաափ դը Հուփը մասնակցեցին մամլո ասուլիսի։

՚՚Հանդիպման մթնոլորտը հրաշալի էր եւ այդպես էլ պետք է լիներ, քանի որ մեզ կապողը արժեքներն են, այո, մենք երբեմն կարող ենք տարակարծիք լինել, սակայն բազմաթիվ այլ հարցերում համամիտ ենք, եւ դա՛ է կարեւորը՚՚։

Իր պաշտոնում վերընտրվելուց հետո պարոն Բուշը հրավիրվեց մասնակցելու ՆԱՏՕ-ի վեհաժողովին։ Գլխավոր Քարտուղարի հետ համատեղ մամլո ասուլիսում նախագահն ընդունեց, որ դաշինքում քննարկվել է անդամ երկրների միջեւ լարվածության խնդիրը, սակայն ասաց.

՚՚Գլխավորն այժմ այդ ամենը մոռացության տալն ու օգնության վրա կենտրոնանալն է, որպեսզի ժողովրդավարական նոր երկիրը հաջողության հասնի։ Մերձավոր Արեւելքում ժողովրդավարության հաստատումը բխում է բոլո՛ր երկրների շահերից՚՚։

Նախագահն ասաց, որ հեռանկարը հուսալից է այդ տարածաշրջանում։

՚՚Բանակցությունների սեղանի շուրջ նստած 26 երկրների ներկայացուցիչներն ասացին, որ Իրաքում ՆԱՏՕ-ի ընդգրկվելը կարեւոր է։ ՆԱՏՕ-ն կարեւոր առաքելություն է իրագործում, որը սպայական կորպուսի ստեղծմանն օգնելն է՚՚։

ՆԱՏՕ-ի տասնհինգ անդամ երկրներ Իրաքի կառավարությանը ներկայումս տրամադրում են զինվորներ, մարզում եւ ֆինանսական օգնություն։

՚՚Սա հրաշալի վեհաժողով էր, նախագահը հրաշալի միտք հղացավ գալու այստեղ ու մասնակցելու այս վեհաժողովին, քանի որ ՆԱՏՕ-ին ներկայումս սպասում է բավականին դժվարին խնդիր եւ օրակարգ՚՚։

՚Հանդիպման ժամանակ ամեն ինչ իսկապես կարեւոր էր, ուրախ եմ, որ եկա։ Սա ինձ հնարավորություն տվեց ասելու, որ ԱՄՆ-ի ու Եւրոպայի միջեւ փոխհարաբերությունը կենսական, անհրաժեշտ, կարեւոր է, եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր փոխհարաբերությունը դրա անկյունաքարն է՚՚։

՚՚Ինչպես գիտեք, վերջիվերջո ՆԱՏՕ-ն աշխարհի պատմության մեջ ամենահաջող դաշինքն է։ Մի պահ խորհեք դրա մասին, աշխարհի պատմության մեջ ամենահաջող դաշինքը՚՚։

ՆԱՏՕ-ի անդամ բոլոր քսանվեց երկրների ղեկավարները մասնակցեցին վեհաժողովին դաշինքի կենտրոնատեղիում։ Ավելի ուշ, նրանց մեծամասնությունն ու նախագահ Բուշը հանդիպեցին Եւրամիության ղեկավարների հետ։

XS
SM
MD
LG