Աստղագետներն ականատես են եղել տիեզերքում երբեւէ նկատված ամենահզոր պայթյունի լուսարձակմանը։
Տիեզերական հրեշային ուժի պայթյունը նկատվել է անցած դեկտեմբերի վերջերին, ԱՄՆ-ի ու եւրոպական արբանյակների եւ աշխարհի տարբեր երկրների աստղադիտարանների կողմից։ Մեկ պահ այն ավելի պայծառ էր լիալուսնից, սակայն գամմա ճառագայթների ձեւով, եւ ոչ թե տեսանելի լույսով։
Սա ԱՄՆ-ի Լոս Ալամոսի ազգային փորձակայանի աստղաֆիզիկոս Դեյվիդ Պալմերն է.
՚՚Վայրկյանի մեկ տասնորդական մասում սրա արտազատած էներգիան հավասար էր գալակտիկայի բոլոր աստղերի արտազատածին՚՚։
Լույսի բռնկմանը հետեւած գիտնականներն ասում են, թե այն եկել է երկրագնդից հիսուն հազար լուսատարի հեռավորության վրա գտնվող Աղեղնավորի համաստեղության նեյտրոնային մի աստղից։
Աստղագետ Անդրյու Ֆրաքթըրն ասել է, թե նեյտրոնային աստղը մահացած մի հսկա աստղի պտտվող մնացորդն է։
՚՚Հսկա աստեղերի կյանքը կարճ է, մահանում են երիտասարդ եւ վերածվում են պտտվող դիակների։ Սակայն ինչպես ականատես եղանք, նրանց հետմահու կյանքը նույնիսկ ավելի հետաքրքիր է, քան կարծում էինք՚՚։
Տիեզերական վիթխարի պայթյունն առաջացրած նեյտրոնային աստղը կոչվում է մագնետար, որովհետեւ ունի չափազանց հզոր մագնիսական դաշտ։ Այն ընդունակ է վարկային քարտերի վրայի մանիսական տեղեկությունը ջնջել մինչեւ լուսին կես հեռավորության վրա։
Ասատղագետների կարծիքով պայթյունի պատճառը աստղի մագնիսական դաշտն է, սակայն չեն ըմբռնում, թե ինչպես։ Վարկածներից մեկի համաձայն, էներգիայի ժայթքումը կարող էր տեղի ունենալ աստղի մակերեւույթին երկրաշարժի հետեւանքով։
Ճառագայթումը ալիքների նման ձգվեց դեպի անհուններ։ Էներգիան շուտով տեղաց Երկրագնդի մթնոլորտի վերին շերտերին, ծվատելով ատոմները եւ նրանց հարկադրելով փայլատակել։
Հարվարդի եւ Սմիթսոնյան կենտրոնի ուսումնասիրող Բրայան Գենզլերը նկարագրում է երեւույթի ծավալը։
՚՚՚՚Այս մարմինները սովորաբար այսքան արագորեն այսքան չեն խոշորանում։ Օրինակ, մենք հողում տնկում ենք կաղին եւ թերեւս հիսուն տարի սպասում ենք մինչեւ այն դանդաղորեն դառնա կաղնու ծառ։ Այս անգամ մենք կարծես կանգնել էինք կաղինի մոտ եւ այն մի քանի շաբաթում կաղնու ծառ դարձավ։ Սա այնքան հազվադեպ երեւույթ է, որին թերեւս վերստին ականատես չենք լինի մեր կյանքում՚՚։
Սակայն վերջին տասնամյակներին հարյուրավոր անգամներ տեղի են ունեցել գամմա ճառագայթման կարճատեւ բռնկումներ, որոնք գիտնականների կարծիքով նման են անցած դեկտեմբերին նեյտրոնային աստղի ճառագայթածին։