Մատչելի հղումներ

Մեկ բաժակ կաթը թերեւս կարող է նպաստել քաշի նվազեցմանը - 2005-02-22


Առողջապահության հարցերին նվիրված վերջերս կայացած խորհրդաժողովում հրապարակված նոր ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, մեկ բաժակ կաթը թերեւս կարող է նպաստել քաշի նվազեցմանը։

Գիրությունը համաճարակային բնույթ է կրում։ Նոր ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, մեկ բաժակ կաթը թերեւս կարող է նպաստել քաշի նվազեցմանը։ Ամերիկացիները երբեք այնքան ճարպակալած չեն եղել, որքան այժմ են։ Ամերիկացիների 64 տոկոսն ավելորդ քաշ ունի կամ գեր է։ Այս հարցերին լուծում գտնելու նպատակով վերջերս Վիրջինիայի նահանգի Վիլիամսբուրգ քաղաքում հավաքվեցին կառավարության եւ առողջապահության բնագավառի 400-ից ավելի ղեկավարներ՝ քննարկելու համար ԱՄՆ-ում գիրության ճգնաժամից դուրս գալու լուծումները։ Կոլորադոյի համալսարանից դոկտոր Ջեյմս Հիլը խորհրդաժողովի մասնակիցներին հայտնեց, որ լավագույն մոտեցումը փոքր, աստիճանական քայլերով նպատակին հասնելն է, որն ավելորդ քաշի երկարաժամկետ նվազեցման գրավականն է։ Նման փոքր քայլերից մեկն ամերիկացիների սննդառեժիմում ավելի շատ կաթ ընդգրկելն է։

Դոկտոր Հիլն ավելացրել է. "Մինչ հետազոտությունները դեռեւս շարունակվում են, մինչեւ այժմ ունեցած ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, ցածր յուղայնության կաթի եւ կաթնամթերքների մեջ պարունակվող կալցիումը դրականորեն է նպաստում ավելորդ քաշի նվազեցմանը"։

Բժշկական հանրահայտ պարբերականներում հրապարակված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, օրական 3 բաժակ կաթ խմելը թերեւս ավելի կնպաստի ավելորդ քաշի նվազեցմանը, քան միայն կալորիաների սահմանափակումը։ Հետազոտությունները վկայում են, որ օրական 3 բաժակ կաթ խմելն ու նվազ կալորիաներով սննդառեժիմը հատկապես օգտավետ են որովայնի ճարպերի նվազեցման համար։

Դոկտոր Հիլը նշել է. "Վերջերս կատարված հետազոտության արդյունքների համաձայն, կալցիումը թերեւս արագացնում է մարդու մարմնի ճարպերն այրելու ունակությունը։ Այսպիսով կալցիումի ստացումն այնպիսի կաթնամթերքներից, ինչպիսին կաթն է, թերեւս է՛լ ավելի արդյունավետ կլինի մարդու մարմնի ճարպերն այրելիս։ Ապացուցել ենք, որ կաթնամթերքների գործածումը նպաստում է ճարպի բջիջների աշխատանքին։ Կաթնամթերքներ գործածելիս արգելակվում է ճարպի բջիջների կողմից հավելյալ ճարպի արտադրությունը եւ ակտիվանում են ճարպը քայքայելու մեխանիզմները"։

Սակայն միայն կաթը խնդրի կախարդական լուծում չէ։ Ավելորդ քաշը նվազեցնելու համար անհրաժեշտ է կանոնավոր մարզանք եւ սահմանափակ կալորիաներով սննդառեժիմ։

Դոկտոր Հիլը նշել է. "Հայտնաբերեցինք, որ սննդառեժիմի մեջ կալցիումով հարուստ կաթնամթերքներ ընդգրկելը, ճարպից խուսափելը, ֆիզիկական ակտիվության բարձրացնելն անարդյունք չեն մնում։ Եթե մարդիկ հետեւեն այս ծրագրին, ապա կհասնեն նկատելի արդյունքի"։

XS
SM
MD
LG