Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը վրդովված է Լիբանանում Սիրիայի ռազմական ներկայությունից - 2005-02-16


Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիք Հարիրիի սպանությունից հետո Միացյալ Նահանգները ետ է կանչել Սիրիայում իր դեսպանին։

Բեյրութում կատարված ռմբահարումից Լիբանանի նախկին վարչապես Ռաֆիք Հարիրիի զոհվելուց հետո Միացյալ Նահանգներն իր դեսպանին, Մարգըրեթ Սքոբիին Դամասկոսից ետ է կանչել շտապ խորհրդակցության համար։ Չնայած ԱՄՆ-ի պաշտոնատարները Դամասկոսին չեն մեղադրում ռմբահարման մեջ, արտաքին գործոց նախարարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը թղթակիցներին հայտնել է, թե նախարարության քայլն ընդգծում է պարոն Հարիրիի սպանության առնչությամբ ԱՄՆ-ի վրդովմունքը։

՚՚Լիբանանում Սիրիայի ներկայությունը երկար ժամանակ անհանգստացնում է մեզ։ Ինչպես տեղյակ եք, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հովանավորել են խնդրի շուրջ ՄԱԿ-ի որոշումներ ու կատարված զարհուրելի սպանությունը հիշեցնում է մեզ, որ այս ներկայությունն օգտավետ չէ, որ այն ազդո՛ւմ է կացության վրա եւ նույնիսկ չի ապահովում լիբանանցիների ներքին անվտանգությունը՚՚։

Պարոն Բաուչերը նաեւ ասել է, թե Միացյալ Նահանգները մտահոգ է Սիրիայի այլ գործողություններից, այդ թվում Ւրաքի ապստամբներին աջակցելուց եւ Իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթացին ծայրահեղականների ընդդիմանալուց։ Նա ասել է, թե Սիրիան պետք է փարատի ԱՄՆ-ի մտահոգությունը, հակառակ դեպքում կդիմակայի սահմանափակումներ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգեց պարոն Հարիրիի հիշատակը։ Ավելի ուշ, Անվտանգության խորհուրդը հրապարակեց հարձակումը որպես ահաբեկչական գործողություն դատապարտող մի հայտարարություն եւ խնդրեց շտապ ներկայացնել սպանության մասին զեկույց։ Խորհուրդը նաեւ կոչ արեց կենսագործել անցյալ տարի հաստատված մի որոշում, որով Սիրիայից պահանջվում է իր զինուժը դուրս բերել Լիբանանից։ Դրան առնչվող մեկ այլ զարգացմամբ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնն ասել է, թե Ռուսաստանը ծրագրում է Սիրիային վաճառել հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Պարոն Շարոնն ավելացրել է, թե ուրախ չէ լուրով եւ որ իր կառավարությունը կապի մեջ է Ռուսաստանի հետ ու փորձում է լուծել խնդիրը։

XS
SM
MD
LG