Մատչելի հղումներ

Կրծքի քաղցկեղի ավելի ճշգրիտ ախտորոշման մի նոր միջոց - 2005-02-16


Դեռեւս փորձարկման փուլում է մի նոր սարք, որը թերեւս դառնա կրծքի քաղցկեղի ավելի ճշգրիտ ախտորոշման միջոց, քան մամոգրամն է։

Կրծքի քաղցկեղը հիվանդության վաղ փուլերում հայտնաբերելու հնարավորություն ընձեռող մամոգրամները ցավոտ ու որոշ դեպքերում ոչ-ճշգրիտ են։

Մամոգրամների մեկ քառորդի դեպքում պատկերներն այնքան աղոտ ու դժվար ընթեռնելի են, որ առաջանում է հավելյալ մամոգրամի անհրաժեշտություն։

Դոկտոր Մարիսա Վեյսն ասել է. "Կանայք մշտապես հետաքրքրված են կրծքի քաղցկեղի հայտնաբերման ավելի ճշգրիտ նոր միջոցով"։

Հարվարդի համալսարանից դոկտոր Դանիել Կոփանսն ու նրա գործընկերներն աշխատում են քաղցկեղի եռաչափ պատկերների ստացման թվային տոմոսինթեզ կոչվող միջոցի վրա։

Դոկտոր Կոփանսը նշել է. "Սա մամոգրամ է, բայց շատ ավելի ճշգրիտ է"։

Ավանդական մամոգրամի դեպքում կրծքի պատկերը վերցվում է ամեն անգամ մեկ անկյունից՝ հաճախ պատճառ հանդիսանալով ոչ-ճշգրիտ մեկնաբանությունների։

Նոր սարքը պատկերները վերցնում է 11 տարբեր անկյուններից եւ համակարգչի օգնությամբ դրանք կարելի է դիտել շերտ առ շերտ։

Դոկտոր Կոփանսն ավելացրել է. "Կարելի է տեսնել գոյացություն, որից գծեր են դուրս գալիս։ Կարելի է հայտնաբերել ավելի մեծ թվով քաղցկեղներ, ինչպես նաեւ նվազում է գոյացությունը սխալմամբ քաղցկեղ որակելու հավանականությունը"։

Ուսումնասիրությունները վկայում են, որ դեռեւս փորձարկվող նոր տեխնոլոգիան 16 տոկոսով ավելի ճշգրիտ կլինի քաղցկեղի հայտնաբերման գործում եւ 85 տոկոսով կնվազեցնի գոյացությունը սխալմամբ քաղցկեղ որակելու հավանականությունը։

Դոկտոր Կոփանսը հայտնել է, թե ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում մի քանի տարուց նոր սարքը թերեւս փոխարինի ավանդական մամոգրամին։

XS
SM
MD
LG